Չինաստանի հյուսիսում գտնվող ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 82 մարդ, ևս ինը մարդ համարվում է անհետ կորած։ Այդ մասին հայտնում է Սինհուան։
Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան։ Գործակալության տվյալներով՝ միջադեպի պահին հանքում գտնվել է 247 աշխատակից։
Նշվում է, որ Չանչժի քաղաքի շրջանի հանքավայրում արձանագրվել է ածխածնի մոնօքսիդի՝ շմոլ գազի թույլատրելի մակարդակի գերազանցում։
Փրկարարական ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում «Լյուշենյույ» հանքում։
Սի Ծինփինը իշխանություններին կոչ է արել «գործադրել բոլոր հնարավոր ջանքերը» տուժածներին օգնություն ցուցաբերելու և որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնելու համար։
Նա նաև հանձնարարել է անցկացնել վթարի պատճառների մանրակրկիտ հետաքննություն և օրենքի համաձայն խիստ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ սա Չինաստանում վերջին տասնամյակի ընթացքում տեղի ունեցած ամենախոշոր հանքարդյունաբերական աղետներից մեկն է։
