Չեն ենթարկվել «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակել են․ պարեկային 2 ծառայող տեղափոխվել է ԲԿ, կան ձերբակալվածներ

5.10.2026 - 10:56 դիտում

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ ձերբակալվել են պարեկների ազդանշանին չենթարկվելու և հրազեն գործի դնելու մեջ կասկածվող 2 անձ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբերից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը, վարելով «Հյունդայի» մեքենան, չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից հրազենով կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ծառայողներից մեկը՝ ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել բժշկական կենտրոնից։ Նախնական տվյալներով՝ ծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձ և նշված «Հյունդայի» մեքենան:

Ըստ նախնական տվյալների՝ «Հյունդայիում» գտնված վարորդն ու ուղևորը, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են, եղել են ոչ սթափ վիճակում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում հանցագործության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ