Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Ուսուցչի աշխատանքը միայն գիտելիք փոխանցելուն միտված գործունեություն չէ։ Այն նաև արժեքներ ձևավորելու, երեխայի անհատականությունը ճանաչելու, նրա ձայնը լսելի դարձնելու և սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացի ձևավորելու կարևոր առաքելություն է։
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից։ Ուստի կարևոր է, որ ուսուցիչները հնարավորություն ունենան իրենց պատասխանատու առաքելությունն իրականացնելու արժանապատիվ, մասնագիտական և անվտանգ պայմաններում՝ ունենալով անհրաժեշտ աջակցություն և մասնագիտական զարգացման հնարավորություններ։
Կարևորում եմ ուսուցչի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքը և ընդգծում, որ երեխայի իրավունքների պաշտպանության ու իրավունքահեն հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է։
Սիրելի՛ ուսուցիչներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում եմ առողջություն, ուժ, մասնագիտական նոր ձեռքբերումներ և հաջողություններ ձեր կարևոր ու պատասխանատու առաքելության իրականացման գործում»,-նշված է ուղերձում։
