ՈւԵՖԱ-ն ընթացք է տվել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ ՀՖՖ բողոքներին

Հրաչ Սահակյան 23.10.2020 - 00:12
23.10.2020 - 00:12 դիտում

armtimes.com. Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, այդ երկիրը ներկայացնող ակումբներն ու ֆուտբոլիստները բազմիցս հանդես են եկել ռազմատենչ հայտարարություններով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) իր պաշտոնական կայքում և սոցցանցերում մի քանի անգամ հայտնել էր, որ ՀՖՖ-ն պաշտոնական բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ ընդդեմ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի՝ կապված վերջինիս ռազմատենչ հայտարարությունների և ֆուտբոլը քաղաքակացնելու փորձերի:

Հայկական ժամանակը կապվեց ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի հետ պարզելու՝ ի՞նչ ընթացք են ստացել այդ բողոքները:

– ՀՖՖ-ն, պահպանելով ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից նմանատիպ իրավիճակների համար սահմանված կարգավորումները, բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավար Ռամին Մուսաևի քաղաքական հայտարարություններին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում 13-ամյա ադրբեջանցի ֆուտբոլիստ Շահրիյար Քուրբանովի մահվան մասին ապատեղեկատվության հրապարակմանը և ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Լեգիա» – «Ղարաբաղ» խաղից առաջ հայկական կողմի հնարավոր սադրանքի վերաբերյալ ԱՖՖԱ-ի կողմից ՈւԵՖԱ ներկայացված դիմումին։ Այս բոլոր բողոքներին ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից տրվել է ընթացք: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նաև դիմել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈւԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը:

Վերջին օրերին ընկերությունն անընդհատ հրապարակում է պատերազմական բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, կատարում է ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերում իր պաշտոնական էջերում:

– ՀՖՖ-ի կողմից եղե՞լ են այլ բողոքներ, որոնք չեն հրապարակվել ՀՖՖ պաշտոնական կայքում:

– Այո, ՀՖՖ-ն նաև բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ՝ Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Ռամիլ Շեյդաևի կողմից սոցցանցերում նախախաղային մարզման լուսանկարներ հրապարակելու կապակցությամբ: Այդ լուսանկարներում Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստները կրում են մարզաշապիկներ, որոնց վրա գրված են Արցախի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերի անունները: Բողոք է ներկայացվել նաև «Ղարաբաղ» ակումբի կողմից սոցցանցերում ռազմատենչ հայտարարությունների և թեմատիկ հեշթեգերի օգտագործման կապակցությամբ: Այս գործերը ևս դարձել են  ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննարկման առարկա:

Ռաֆայել Խալաթյան

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ