«Շիրակ»-ը տարավ հերթական հաղթանակը

9.04.2022 - 17:56 դիտում

Գյումրիի քաղաքային մարզադաշտում կայացավ Հայաստանի 1-ին խմբի առաջնության հերթական տուրի մրցավեճը, որտեղ հարաբերությունները պարզեցին «Շիրակն» ու Երեւանի «Ուրարտու-2»-ը: Հանդիպումն անցավ շիրակցիների բացահայտ առավելությամբ ու մրցավար Արտակ Վարդանյանի մեկնարկային սուլիչից ոչ շատ անց պարզ դարձավ, որ դաշտի տերերը հաղթանակը ձեռքից բաց չեն թողնի: Արդեն խաղասկզբում՝ 10-րդ րոպեին գրանցվեց 1-ին գոլը: Մոտ տարածությունից անկասելի հարվածով հաշիվը բացեց Ռաֆիկ Միսակյանը: Գոլը ոգեւորեց հյուրընկալողներին ու մինչեւ ընդմիջում գնդակը եւս մեկ անգամ հանգրվանեց ուրարտուցիների դարպասում: Երբ ժամացույցի սլաքը կատարում էր 34-րդ պտույտը, հաշիվը կրկնապատկեց Դավիթ Ղանդիլյանը: Գոլային այս դրվագում Դավիթը հանդես բերեց գնդակի հետ վարվելու բացառիկ վարպետություն ու այն ուղարկեց հյուրերի դարպասի հեռավոր անկյունը: Այդպես 1-ին խաղակեսն ավարտվեց «Շիրակի» առավելությամբ՝ 2-0 հաշվով: Ընդմիջումից հետո էլ խաղի պատկերը չփոխվեց ու նորից դաշտում տնօրինում էին շիրակցիները: 73-րդ րոպեին մրցավարը ցույց տվեց 11-մետրանոց նշակետը եւ դաշտի տերերի միակ հարձակվող Արտեմ Գեւորգյանը հաշիվը դարձրեց 3-0:«Շիրակի» լավագույն ռմբարկուն ընթացիկ առաջնությունում խփեց իր հոբելյանական 20-րդ գոլը: Այս հաղթանակից հետո պարզ դարձավ, որ պայքարը պրեմիեր լիգայի ուղեգրի համար շարունակվում է: «Լեռնային Արցախի» ու «Շիրակի» միջեւ առայժմ պահպանվում է 1 միավորի տարբերությունը՝ հօգուտ արցախցի ֆուտբոլիստների: Վճռական հանդիպումներն առջեւում են ու մնում է հուսալ, որ շիրակցիները չեն թուլացնի տեմպը ու կհասնեն ցանկալի արդյունքի:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ