Շարունակվում են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շուրջ քննարկումները

15.10.2022 - 18:24 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ոլորտի հնգամյա զարգացման ռազմավարությունը և այդ համատեքստում համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագիծը: Նախարարը նշել է, որ ռազմավարության գլխավոր նպատակը բնակչության առողջության բարելավումն է՝ որակյալ ու հասանելի ծառայությունների մատուցման միջոցով: Հենց այդ նպատակին է միտված առողջության ապահովագրության համակարգը, որը նախատեսվում է գործարկել ՀՀ ամբողջ բնակչության համար: Մասնավորապես, առաջարկվում է այն ներդնել փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը, ներառել առողջապահական բոլոր ծառայությունները, բացի ատամնաբուժությունից և պլաստիկ վիրաբուժությունից, նախատեսել մասնակցության կամավոր ու պարտադիր բաղադրիչներ: Ակնկալվում է ստեղծել ապահովագրական այնպիսի ենթակառուցվածք, որը թույլ կտա նույն որակի ու հասանելիությամբ առողջապահական ծառայություններ մատուցել շահառուների բոլոր խմբերին՝ անկախ սոցիալական դրությունից:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Արծարծվել են ապահովագրության համակարգի առողջապահական ու ենթակառուցվածքային չափանիշներին, ֆինանսական գնահատականին, կառավարման մեխանիզմներին, պետության ներգրավվածության շրջանակին, ապահովագրավճարի չափին, ներդրման ռիսկերին առնչվող և այլ հարցեր, ներկայացվել են առաջարկներ:

Վարչապետը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է հետագա քննարկումները շարունակել աշխատանքային խմբի ձևաչափով՝ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, և լրամշակել նախագիծը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ