Շատ կարևոր է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման. Նիկոլ Փաշինյան

Անի Հովհաննիսյան 11.11.2022 - 20:51
11.11.2022 - 20:51 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարություններին ու պատասխանեց այն հարցին, թե արդյոք Բաքվի կողմից պայմանավորվածությունների չկատարումը միջնորդական ջանքերը հեղինակազրկելու ու նոր պատերազմ սկսելու նախաբա՞ն են:

«Ես կարծում եմ և գործնականում հենց դա եմ փորձում իրականացնել, որ շատ կարևոր է նախ՝ հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման: Իսկ դրա լավագույն ձևը, կարծում եմ, գույքագրելն է ու ճշգրտելը այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ:

Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են: Եթե նույնիսկ կարող են լինել բանավոր քննարկումներ, դրանք պետք է արտահայտված լինեն այս կամ այն կերպ այն տեքստերում, որոնք հրապարակվում են բարձր մակարդակում ունեցած քննարկումների արդյունքում»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել նոր հայտարարությամբ և ընդգծեց դրա բովանդակությունը:

«Այդ հայտարարության մեջ մեզ մեղադրում են, որ մենք Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք: Չնայած նրան, որ Ադրբեջանի նախագահն անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, ԱԳ նախարարությունն արդեն «միջանցք» բառը չի օգտագործում շատ պարզ պատճառով, որովհետև ԱԳՆ-ի հայտարարության հասցեատերը միջազգային հանրությունն է: Միջազգային հանրությունը ոչ միայն հետևում է բանավոր հայտարարություններին, այլև փորձում է վերադառնալ ու տեսնել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրված, ու ինչ են դա նշանակում:

Այս առումով, կարծում եմ, կարևոր է գույքագրել` ինչ է պայմանավորված, ինչ է գրված տեքստերի մեջ: Հենց այս ճանապարհով պետք է գնանք, որ մեր հանրությանը և միջազգային հանրությանը, հարկ եղած դեպքում նաև՝ Ադրբեջանի հանրությանը ճիշտ ներկայացվի՝ որոնք են պայմանավորվածությունները, և ով իրականում չի կատարում դրանք: Սրա նպատակը լեզվակռիվ  և նոր էսկալացիա ստեղծելը չէ: Սրա նպատակը գույքագրել և իրականացնելն է պայմանավորվածությունները»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց, որ այսօր Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ չկա: Խոչընդոտը միայն Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է:

«Մենք ասել ենք, որ այդ ճանապարհը ցանկացած պահի կարող է բաց լինել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ