Շաբաթվա ընթացքում գրանցվել են սահմանային խախտումներ. Արցախի ՆԳՆ

Աննա Կոստանյան 8.05.2023 - 16:53
8.05.2023 - 16:53 դիտում

Արցախի ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականի մայիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 31 հաղորդում, որից 22-ը հանցագործությունների մասին են, դրանցից 20-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են:

«Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված կենցաղային հողի վրա ստեղծված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու 11 դեպքից 10-ը:

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են խարդախություն բնութագրմամբ 2 անձնական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խուլիգանության մեկական դեպքերը։

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության 2 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն։

Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը միջոցներ է ձեռնարկում համակարգչային հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված սահմանային խախտումներ: Մայիսի 6-ին Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Ոչ ոք չի տուժել:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 13 ՃՏՊ, որից 8-ը՝ նյութական, 5-ը՝ մարմնական վնասով: Պատահարներից 10 անձ դիմել է բուժհաստատություն։

Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 250 վարորդ, 18-ը եղել են անսթափ վիճակում, 58 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը»,- ասված է հաղորդագրության տեքստում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ