Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է, նրան մեղադրանք է ներկայացվել

24.02.2024 - 17:08 դիտում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2024 թ․ փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկում պարզելու Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ապակիներին, վարչական շենքի ավտոկայանատեղիում հետնամասը դեպի շենքը կայանված` ֆիզիկական անձի պատկանող «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակուն, ինչպես նաև հարակից «Հ․Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա առերևույթ կրակոցներ արձակվելու հանգամանքները և հանցագործությունն առերևույթ կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային ծավալուն գործողությունների, այդ թվում՝ տարածքում առկա տեսանկարահանող սարքերի պարունակության ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2001 թվականին։ Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ վերջինս փետրվարի 19-ին՝ ժամը 19։45-ի սահմաններում, իր վարած «NISSAN SENTRA մակնիշի ավտոմեքենան կայանել է Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքի հետնամասում, որտեղ իջնելով ավտոմեքենայից, իր մեկ ուղևորի հետ ուղևորվել դեպի տարածքում գործող զինվորական պարագաների խանութ, որտեղ գնել է իր ձեռքին առկա ատրճանակին նմանվող առարկայի համար նախատեսված 3 հատ գազի գլանակ։ Այնուհետև վերադառնալով ավտոմեքենայի մոտ, մինչև այն նստելը, 23-ամյա երիտասարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից և իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, իր մոտ պահվող, դեռևս չպարզված ատրճանակով կրակոցներ է արձակել Պ. Սաֆյան անցուղուց դեպի հարակից այգու տարածք, այնուհետև նստելով ավտոմեքենան, վարելու ընթացքում նշված ատրճանակով կրակոցներ է արձակել Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքի պատուհաններին, առաջ ընթանալու ընթացքում՝ նաև «Ա.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքի պատուհաններին, ինչպես նաև՝ ավտոկայանատեղիում կայանված «NISSAN TIDA» ավտոմեքենայի հողմապակուն։

2024 թ․ փետրվարի 23-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Երևանի 23-ամյա բնակչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին, և նույն օրը երեկոյան երիտասարդը ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և նրան ներկայացվել է մեղադրանք: Վերջինիս բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է թվով 15 փամփուշտ, իսկ նրա կողմից շահագործվող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է զիպ փաթեթ, որի մեջ եղել է դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ՝ ընդհանուր շուրջ 1,5 գրամ քաշով, ինչպես նաև 1 փաթեթ, որում առկա է եղել 5 հատ կարմիր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ՝ ընդհանուր 11.02 գրամ քաշով զանգվածով, որոնցով նշանակվել է փորձաքննություն։

Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է մասամբ, և մեղադրյալի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ