Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պետք է ուղեցույց լինի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ապագա բանակցությունների համար․ Մարուքյան

Աստղիկ Խաչատրյան 27.07.2023 - 00:02
27.07.2023 - 00:02 դիտում

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև բանակցություններին այլընտրանք չկա։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրները հասցեագրելու միակ ճանապարհն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների երկխոսությունն է։ «Մենք ասել ենք բոլոր հարթակներում, որ խոսքը գնում է միջզգային մեխանիզմի շրջանակներում ուղիղ խոսակցությանը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Դրա այլընտրանքն այն է, որի հետևանքով մենք ունեցել ենք պատերազմ, պարտություն»,- ասաց Մարուքյանը։

Նա հերքեց ընդդիմության մեղադրանքները, թե «Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից»։ «Կա Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որն այս պահին միակ փաստաթուղթն է, որը բարձրագույն իրավական ուժ ունի, որովհետև պետությունների միջև պայմանավորված փաստաթուղթ է, որը ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահը։ Այդ փաստաթղթում առնվազն 4 անգամ նշվում է Լեռնային Ղարաբաղ։ Ըստ այդ փաստաթղթի՝ կա Լեռնային Ղարաբաղ, կա շփման գիծ, նշված է, Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա Հայաստանին կապող միջանցք։ Ի դեպ, այդ միջանցքն էլ միայն սնունդ մատակարարելու համար չէ, այն Հայաստանի հետ կապը պահելու համար է, Հայաստանի հետ հատուկ հարաբերությունների մասին է։ Եվ այս փաստաթուղթը պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ապագա բանակցությունների համար ուղեցույց»,- նշել է Էդմոն Մարուքյանը։

Նա մեջբերեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որում ասվում է, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահոկողության ներքո։ «Այսինքն, Իլհամ Ալիևը ստուգել է մի փաստաթուղթ, որտեղ արձանագրել է, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի տարածք։ Եվ հիմա Լեռնային Ղարաբաղի մեր եղբայրներն ու քույրերը սա չպե՞տք է օգտագործեն։ Այստեղ փաստ-պարտավորություն կա, որ Լեռնային Ղարաբաղի տարածք պետք է վերադառնան ներքին տեղահանվածներն ու փախստականները։ Ադրբեջանն այս պարտավորություն ստանձնել է, Ռուսաստանը մեզ հետ հավասար ստորագրել է։ Սա ուղեցույց է, որը պետք է օգտագործել»,- մանրամասնեց Էդմոն Մարուքյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ