Մոսկվան հակաարդյունավետ է համարում ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի հրապարակային քննադատությունը. Զախարովա

Աստղիկ Խաչատրյան 10.05.2023 - 19:54
10.05.2023 - 19:54 դիտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույց է անցկացրել, որի ընթացքում նշել է, որ Մոսկվան հակաարդյունավետ է համարում ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի հրապարակային քննադատությունը։

«Անկեղծ ասած, Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ քննարկել կազմակերպության արդյունավետությունը դրա սահմաններից դուրս, տարակուսանք է առաջացնում: Մինչդեռ ՀԱՊԿ-ն ունի դրա համար անհրաժեշտ բոլոր ձևաչափերը, կազմակերպության անդամներն էլ ոչ միայն պատրաստ են լսելու այդ ամենը, այլև պատրաստ են աշխատելու այդ ուղղությամբ։

Մենք արձանագրել ենք մայիսի 4-ին Պրահայում հնչած գնահատականները, որոնք Հայաստանի ղեկավարությունը տվել է երկրում ԵՄ առաքելությանը։ Հայաստանի վարչապետը նշել է, որ ԵՄ դիտորդներին հրավիրելու որոշումը հեշտ չի եղել, քանի որ նրանք անվտանգության երաշխիքներ չեն տալիս և ունակ են մարտահրավերներ ստեղծել։

Միգուցե ԵՄ-ից ու ՀԱՊԿ-ից ուռճացված ակնկալիքները հաշվի չե՞ն առնում առկա իրողությունները։ Մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ վերսկսելու առարկայական աշխատանքը Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման և մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների ուղղությամբ։ Ռուսական կողմը պատրաստ է նման աշխատանքի, ինչին Երևանը քաջատեղյակ է»,- ասել է Զախարովան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ