ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում հայերի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու կարևորությունը

Աստղիկ Խաչատրյան 10.05.2023 - 20:01
10.05.2023 - 20:01 դիտում


Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Թբիլիսի) Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդերսենին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում սկզբունքային հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Արարատ Միրզոյանը նշել է հայկական կողմի կառուցողական ներգրավվածության մասին և առաջընթացի ապահովման հարցում ընդգծել Ադրբեջանի կողմից առավելապաշտական ձգտումներից, ՀՀ-ի ու ԼՂ-ի նկատմամբ ուժի կիրառման քաղաքականությունից հրաժարվելու, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Շեշտվել է ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված փոխգործակցության հետագա խորացման և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցում առկա ներուժի օգտագործման կարևորությունը:

Իր խոսքում ԱԳ նախարարը նշել է, որ բարձր է գնատահում դեսպանի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և մաղթել հաջողություն հետագա դիվանագիտական աշխատանքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ