Մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հարավային Կովկաս՝ պատմական համաձայնագրի նախաստորագրումից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։
Ինչպես հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյոն, Բրյուսելը նաև մտադիր է նպաստել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանը:
Ֆոն դեր Լայենին՝ Բաքու և Երևան այցերի ընթացքում կուղեկցի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Եվրահանձնաժողովի նախագահն առաջինն այցելել է Բաքու և գրառում կատարել Իքսի իր էջում:
«Եվրոպական միությունը հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային՝ փոխկապակցված, խաղաղ ու բարգավաճ: Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այդ ապագան։ Այստեղ եմ նաև ԵՄ-Ադրբեջան գործընկերությունը խորացնելու համար՝ առևտրից մինչև տրանսպորտ, էներգետիկայից մինչև տնտեսություն»,- գրել է Ֆոն դեր Լայենը:
