Մի խումբ քաղաքացիներ փորձել են մտնել «Մարիոթ» հյուրանոց, անհարգալից վերաբերմունք են դրսևորել ոստիկանների նկատմամբ. պարզաբանում

Աննա Կոստանյան 23.02.2022 - 13:47
23.02.2022 - 13:47 դիտում

Փետրվարի 22-ին՝ ժամը 19.40-ին, Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ խմբերով փորձել են մուտք գործել «Մարիոթ» հյուրանոցային համալիր, ինչը կանխվել է տեղում հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողների կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվում է, որ քաղաքացիներին հյուրանոցային համալիր ներխուժելու փորձերը դադարեցնելու օրինական պահանջ է ներկայացվել, որն անտեսվել է, ինչից հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 25 անձ բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այդ ընթացքում որևէ մեկը չի ներկայացել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ և չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։

Վարչական շենքի մուտքի դիմաց և ներսում բերված անձինք սկսել են բղավել և խոչընդոտել ոստիկանության ծառայողների գործողություններին: Ոստիկանության ծառայողները հանդարտվելու և անօրինական գործողությունները դադարեցնելու կոչեր են արել, սակայն նշված քաղաքացիները սկսել են հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, անընդհատ հրահրել են վիճաբանություն՝ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք ոստիկանության ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով Կենտրոնական բաժնի աշխատանքի բնականոն ընթացքը։

Հիշյալ անձինք խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Կենտրոնական բաժնի տարբեր աշխատասենյակներ և ներկայացվել նախաքննական մարմին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ