Միրզոյանի և Բլինքենի հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված 1975-ի քարտեզի վրա

Աստղիկ Խաչատրյան 27.06.2023 - 19:54
27.06.2023 - 19:54 դիտում

Հունիսի 27-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975 թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ