Միջանցքային որևէ տրամաբանություն մենք չենք ընդունում. ՀՀ վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 24.12.2021 - 20:30
24.12.2021 - 20:30 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին։

«Դեկտեմբերի 15-ի բրյուսելյան հանդիպումից հետո Դուք հայտարարեցիք, որ վերագործարկվելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ ԵՄ-ի և ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված եռակողմ հանդիպումներից հետո փաստորեն հաջողվել է հասնել կոնկրետ արդյունքների միայն երկաթուղու հարցում։ Ո՞րն է այն գլխավոր խոչընդոտը, որ համաձայնություն ձեռք չի բերվում ավտոճանապարհների ապաշրջափակման հարցում։ Արդյոք Բրյուսելում դռնփակ հանդիպումների ընթացքում Ադրբեջանն այլ պահանջնե՞ր է առաջ քաշել»: Հանրային հեռուստաընկերության այս հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«Ես գծանշել եմ հայկական կողմի «կարմիր գծերը», որի իմաստը հետևյալն է, որ միջանցքային որևէ տրամաբանություն մենք չենք ընդունում։ Այն, ինչ պայմանավորվեցինք կամ խոսեցինք երկաթուղիների մասով Բրյուսելում, Սոչիում սկսված խոսակցության ամփոփումն էր։ Այդտեղ արձանագրումը հետևյալն էր, որ երկու կողմերից կգործի լիարժեք մաքսային, սահմանային հսկողություն, որը մեզ համար ընդունելի է, Ադրբեջանի համար ընդունելի է, և մենք հիմա պայմանավորվեցինք գործարկել երկաթուղու շինարարությունը։ Ավտոճանապարհների հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնացել է նույնը։

Բայց Բրյուսելում ես և Ադրբեջանի նախագահը փորձեցինք մտնել մանրամասների մեջ, փորձեցինք հասկանալ՝ ինչն է պատճառը, որ մենք արտահայտում ենք այսպիսի դիրքորոշումներ։ Հրապարակային հնչող դիրքորոշումներն այսբերգի երևացող կողմն են, բայց կան խնդիրներ, որոնց պատճառով մենք այս կամ այն դիրքորոշումն ենք արտահայտում։

Երբ մենք մտանք մանրամասների մեջ, այդ մանրամասների քննարկումների ժամանակ այդտեղ էլ տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ մեր դիրքորոշումները և Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ, բայց այս մասով մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք։

Այդ հանդիպումից հետո ես որոշակի հնարավորություններ տեսա, և այդ հնարավորությունները պիտի փորձենք օգտագործել, որպեսզի այս հարցում իրական կոմպրոմիսային լուծում գտնենք, որը չի հատում մեր այն «կարմիր գծերը», որոնց մասին ես ասել եմ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ