ՀՀ վարչապետը՝ խաղաղության պայմանագրի կնքման մասին

Աստղիկ Խաչատրյան 24.12.2021 - 21:22
24.12.2021 - 21:22 դիտում

Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք խաղաղության պայմանագրի կնքման և խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով, իհարկե, շահագրգռված ենք: Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորության և նախադրյալների վերաբերյալ հարցին, պատասխանելով լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել. կետերից մեկը հենց խաղաղ և համապարփակ կարգավորման խնդիրն էր, և մենք, իհարկե, դրանով շահագրգռված ենք, և մենք չենք հրաժարվել այդ թեմայով խոսել: Եթե մենք հռչակել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել մեր երկրի և տարածաշրջանի համար, անտրամաբանական կլինի, որ մենք ասենք՝ գիտե՞ք ինչ, մենք խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել, բայց չենք ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին:

Իհարկե, խաղաղության պայմանագիրը մեր կարևոր նպատակներից մեկն է. համապարփակ լուծումը, համապարփակ խաղաղության պայմանագիրը, և մենք չենք հրաժարվել քննարկումներից և չենք էլ հրաժարվելու: Մեծ հաշվով, այս բոլոր բանակցությունները, այն ամեն ինչի մասին, որ խոսում ենք, ինչի՞ մասին են. խաղաղության պայմանագրի, նաև հնարավոր դրույթների բովանդակության մասին ենք խոսում»,- նշեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ դեռ 2021 թ. ընտրություններից առաջ նույնիսկ փաստաթուղթ էր հրապարկվել, և ինքը հայտարարել էի, որ պատրաստ է այդ փաստաթուղթը ստորագրել:

«Տպավորություն է ստեղծվում, որ մենք խաղաղության համաձայնագրի և ԼՂ խնդրի համապարփակ կարգավորմանը դեմ ենք. իհարկե, դեմ չենք, իհարկե, կողմ ենք, իհարկե, շահագրգռված ենք: Ես դեռ անցյալ տարվա նոյեմբերից հայտարարել եմ, որ մենք ուզում ենք կոմունիկացիաների բացում, և մենք այս բոլոր ուղղություններով գնալու ենք առաջ»,- նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ ակնհայտ է, որ բանակցությունների ընթացքում Ադրբեջանը փորձելու է այնպես անել, որ իր շահերն առավել արտահայտված լինեն, իսկ Հայաստանը փորձելու է այնպես անել, որ իր շահերն արտահայտված լինեն:

«Եթե մեզ հաջողվի ձևակերպել խաղաղության այնպիսի մոդել, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, այդ պարագայում գուցե բանակցային սեղանն ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի, և ավելի շատ դիմացինի տեսակետը հասկանալու և այդ տեսակետներից ինչ-որ ընդունելի դրույթներ դուրս բերելու և ինչ-որ նոր սխեմա ձևավորելու հնարավորություն լինի»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Սոչիում և Բրյուսելում այդպիսի նախադրյալներ հստակ եղել են, սակայն Սոչիից հետո տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնք լրջորեն կասկածի տակ են դրել այդ խոսակցությունը:

«Բրյուսելից հետո դեռևս, բարեբախտաբար, այդպիսի իրադարձություններ տեղի չեն ունեցել, և հուսով եմ՝ դա նշանակում է, որ կարող ենք առաջ շարժվել»,- ասաց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ