Մինսկում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

20.06.2022 - 20:25 դիտում

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

ՌԴ կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է.

«Ողջունում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի,

Ջերմորեն եմ հիշում մեր հանդիպումը Ձեր պաշտոնական այցի շրջանակում: Առաջին հերթին թույլ տվեք Ձեզ փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում մեր առանձնահատուկ հարաբերությունները եղբայրական Հայաստանի հետ: Այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը:

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական արտաքին առևտրատնտեսական գործընկերը և ՀՀ տնտեսության ներդրողը: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով` փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով և գերազանցել 890 մլն դոլարը: Կարծում եմ` դեռևս աճելու տեղ կա: Ռուսական կապիտալի ծավալը ՀՀ տնտեսության մեջ կազմում է ավելի քան 2 մլրդ դոլար, այստեղ ևս աճելու հնարավորություններ կան և ռուս ներդրողների համար կարևոր կլինի ընդլայնել իրենց ներդրումները Հայաստանում:

Հայաստանում գործում են հայրենական խոշոր ընկերություններ` նավթագազային, տրանսպորտային, թվային տեխնոլոգիաների, այլ ոլորտների, և հույս ունենք, որ ՀՀ Կառավարությունը կշարունակի բարենպաստ պայմաններ ստեղծել ռուսական ընկերությունների համար: Մենք շահագրգռված ենք երկկողմ համագործակցության ընդլայնմամբ, նոր արտադրությունների ստեղծմամբ, նպաստում ենք տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը` առաջին հերթին արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, թվայնացման: Այս հարցերը գտնվում են մեր միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Կառավարության համապատասխան որոշմամբ` հանվել են ՀՀ քաղաքացիների` ցամաքային ճանապարհով ՌԴ մուտքի բոլոր սահմանափակումները: Մենք ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներս զբոսաշրջային այցերի հոսքերը կվերականգնվեն և անգամ կավելանան: Սա, իմ կարծիքով, ունի շատ կարևոր նշանակություն Հայաստանի և Ռուսաստանի բնակչության համար:

Մենք նաև առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության համապատասխան: Գործնական աշխատանքն ընթանում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում` փոխվարչապետների համանախագահությամբ: Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ընթացքում տեղի է ունեցել նրա հերթական նիստը:

Իսկ այսօր մեր հանդիպումն ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, Ռուսաստանը և Հայաստանը հանդես են գալիս եվրասիական ինտեգրացիայի ամրապնդման օգտին չորս ազատությունների հիման վրա` կապիտալի, աշխատուժի, ծառայությունների և ապրանքների ազատ տեղաշարժի: Միության շրջանակում մենք ձեռնարկում ենք համատեղ քայլեր` ոչ բարեկամ պետությունների սանկցիաների ազդեցության նվազեցման նպատակով, մեր որոշումները նպաստում են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունացմանը:

Առաջարկում եմ բոլոր կետերով անցնել, հարգելի Նիկոլ Վովայի»:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, մենք հանդիպում ենք պարբերաբար:

Ես նույնպես ջերմությամբ եմ հիշում մեր վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ Մոսկվայում` իմ պաշտոնական այցի շրջանակում: Ցանկանում եմ ընդգծել, որ այն եղել է շատ արդյունավետ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ արագ եք արձագանքել և արձագանքում այն բոլոր հարցերին, որոնք պետք է լուծել, որպեսզի պահպանվի մեր առևտրատնտեսական հարաբերությունների բարձր տեմպը:

Ցանկանում եմ հատկապես ընդգծել այն որոշումները, որոնք Դուք ընդունել եք Վերին Լարսի անցակետի հետ կապված: Գիտեք, որ ցավոք դեռևս այն միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանին ու Ռուսաստանին: Մտահոգություններ են առաջացել կապված տնտեսական ընթացիկ կոնյուկտուրայի հետ` ստեղծվում են որոշակի խնդիրներ ցամաքային տնտեսական հոսքերի ավելացման առնչությամբ և շատ կարևոր են որոշումները, որոնք Դուք արդեն ընդունել եք և որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք: Մենք այդ մասին խոսում ենք նաև մեր վրացի գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը չհանդիպի արհեստական սահմանափակումների:

Այս համատեքստում նաև շատ կարևոր է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը, ողջ տարածաշրջանի ապաշրջափակումը և ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ալեքսեյ Օվերչուկին, Մհեր Գրիգորյանին, ովքեր Ադրբեջանի Հանրապետության համանախագահի հետ շատ ինտենսիվ զբաղվում են այդ հարցերով: Հույս ունեմ, որ այն աշխատանքը, որը կատարվել է, դրա արդյունքներով մենք կհանգենք կոնկրետ որոշումների, քանի որ գիտեք, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը կարևոր է տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Ընթացիկ իրավիճակում այն ունի առանձնահատուկ նշանակություն:

Մենք այսօր կքննարկենք ոչ միայն երկկողմ օրակարգի հարցերը: Եվրասիական տնտեսական միության օրակարգը ևս շատ կարևոր է մեզ համար: Դուք ճիշտ նկատեցիք, որ և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը դառնա առավել արդյունավետ ֆորմատ: Իհարկե, մենք գոհ ենք նրանից, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը, սակայն միշտ կա արդյունավետությունը բարձրացնելու տեղ:

Եվս մեկ անգամ շատ ուրախ եմ ողջունել, հույս ունեմ այսօր կունենանք բովանդակալից զրույց»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ