Մենք ուզում ենք ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն վարել. ՀՀ վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 23.11.2021 - 21:28
23.11.2021 - 21:28 դիտում

ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ առցանց ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 3+3 ձևաչափին՝ ընդգծելով, որ դրա հետ կապված մեզ համար կա մի կարևոր նրբություն:

«Նրբությունը հետևյալն է, որ 3+3 ձևաչափում մեզ համար չափազանց կարևոր է, որ այն հարցերը, որոնց համար կան ձևավորված ֆորմատներ, 3+3-ում չենք քննարկի: Օրինակ՝ Ղարաբաղի հարցի կարգավորումը, որի համար կա Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, այդ հարցը 3+3-ում չենք քննարկում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համար եռակողմ հանձնաժողով ունենք ձևավորած, այդ հարցը 3+3-ում չպետք է քննարկվի, պետք է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք ունեն կոնտեքստային նշանակություն և չեն կրկնում այլ ձևաչափերում արդեն գոյություն ունեցող օրակարգերը. հնարավո՞ր է գտնել այդպիսի հարցեր, ձևակերպել՝ կապրենք, կտեսնենք»,- ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ Կառավարության ծրագրում հստակ նշվել է, որ առանձնահատուկ տեղ է հատկացվելու տարածաշրջանային քաղաքականությանը:

«Մեզ համար շատ կարևոր են մեր հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում, ՌԴ-ի ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, բայց մենք ուզում ենք ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն վարել, նաև շատ կարևոր են մեր հարաբերությունները Վրաստանի հետ: Եթե մենք տեսնենք, որ մեր հարաբերություններն ակտիվացնելու և պոզիտիվ օրակարգ ձևավորելու հնարավորություն կա, միգուցե և քննարկենք այդ հնարավորությունը: Այս պահին սա է մեր դիրքորոշումը. հետագան կերևա հետագայում»,- ասաց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ