Մեկնարկել է Falcon 9 հրթիռակրի թռիչքը

Աստղիկ Խաչատրյան 14.03.2021 - 16:56
14.03.2021 - 16:56 դիտում

Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 հրթիռակրի թռիչքը, որը տանում է 60 Starlink ինտերնետ-արբանյակներից բաղկացած խումբը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Falcon 9 հրթիռը մեկնարկել է Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից տեղական ժամանակով 06.01-ին (Երեւանի ժամանակով 14.01-ին): Հրթիռի առաջին աստիճանը, ինչպես սպասվում է, ավանդաբար վայրէջք կկատարի Ատլանտյան օվկիանոսում լողացող հարթակին՝ հետագա օգտագործման համար:

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է երկրի բնակիչներին ապահովել լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ: Նախագծի իրականացումը սկսվել է 2018 թվականի փետրվարին։ Դրա նպատակն է ապահովել գերարագ ինտերնետի հասանելիությունը մոլորակի ցանկացած կետում։ Ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է արձակել մոտ 12 հազար արբանյակ:

Արդեն հիմա ընկերությունը սկսել է ինտերնետի թեստավորում սովորական օգտատերերի շրջանում։ Ազդանշանի ընդունման եւ ուղարկման սարքավորումների համար պահանջվում է վճարել $499, ամսական բաժանորդային վճարը կազմում է $99, ինչը համադրելի է եւ նույնիսկ ավելի քիչ, քան ԱՄՆ-ի հիմնական պրովայդերների գները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ