Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ ներկայացնել

Աստղիկ Խաչատրյան 14.03.2021 - 17:11
14.03.2021 - 17:11 դիտում

Իրանը երեքշաբթի պատրաստվում է սեփական արտադրության նոր հակակորոնավիրուսային պատվաստանյութ ներկայացնել: Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին:

Վերջինս այդ մասին հայտարարել է կիրակի շարժական հիվանդանոցի բացման արարողության շրջանակներում: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ իրանական նոր պատվաստանյութը կներկայացվի մարտի 16-ին պաշտպանության նախարարությանը կից Sepand կազմակերպությունում:

«Այնտեղ ես կհայտարարեմ, թե առաջիկա ամիսներին ինչ նվաճում կարձանագրենք համաշխարհային շուկայում պատվաստանյութերի մշակման գործում»,- հավելել է առողջապահության նախարարը:

Նա նաև նկատել է, որ մինչ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված շտամը ծնկի է բերել եվրոպական երկրներին՝ անկախ նրանց տնտեսական հնարավորություններից և ենթակառուցվածքներից, Իրանին հաջողվել է վերահսկողության տակ առնել համավարակը՝ երկրում «Քովիդ-19»-ի նոր շտամի հայտնաբերումից մեկ ամիս անց:

Իրանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 1 746 953 մարդ, մահացել՝ 61 230-ը:

Հայտնի է, որ Իրանը 16 մլն չափաբաժին պատվաստանյութ է ստանալու Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրով, ևս 25 մլն չափաբաժին կներկրվի արտասահմանից և ևս 25 մլն-ը կարտադրվի երկրի ներսում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ