Իրանի՝ փախուստի դիմած կալանավորված անձը 5 օր անց հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել

Աննա Կոստանյան 13.11.2026 - 15:52
13.11.2026 - 15:52 դիտում

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել ԻԻՀ քաղաքացու փախուստի և հայտնաբերման դեպքի վերաբերյալ լուրերի վերաբերյալ:

«ՊԵԿ-ը կարևորում է հանրությանը դեպքերի վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը: Միևնույն ժամանակ, ցավալի է, երբ առանձին լրատվամիջոցներ, դեպքի ամբողջական հանգամանքները չներկայացնելով, հանրությանն են փոխանցում միակողմանի տեղեկատվություն՝ անտեսելով նաև իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքները։

Մասնավորապես, որոշ լրատվամիջոցներում դատարանի որոշմամբ կալանավորված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու փախուստի վերաբերյալ տարածվել են ոչ ամբողջական տեղեկություններ՝ չնշելով, որ փախուստի դիմած քաղաքացին կարճ ժամանակ անց հայտնաբերվել է հենց ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողության արդյունքում։

Դեպքի` միայն առանձին դրվագների ներկայացումը կարող է թյուր պատկերացում ձևավորել տեղի ունեցածի և իրավասու մարմինների ձեռնարկած գործողությունների վերաբերյալ։

Նման իրավիճակներում լրատվամիջոցների մասնագիտական պարտականությունն է հրապարակումից առաջ ճշտել դեպքի ամբողջական հանգամանքները՝ դիմելով համապատասխան մարմիններին, և հանրությանը ներկայացնել հավաստի ու բազմակողմանի տեղեկատվություն։

Ներկայացնում ենք դեպքի ամբողջական նկարագրությունը.

2026 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, մաքսային հսկողության շրջանակներում մաքսային զննման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած՝ ԻԻՀ քաղաքացի Մ. Մ.-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան։ Բեռնատարի զննության արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, այնուհետև դատարանի համապատասխան որոշմամբ կալանավորվել։

Քրեական վարույթի շրջանակում գաղտնի քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում 2026 թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 22։00-ի սահմաններում, վերջինս դիմել է փախուստի։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում 2026 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, փախուստի դիմած կալանավորված անձը՝ ԻԻՀ քաղաքացի Մ. Մ.-ն, հայտնաբերվել է, տեղափոխվել ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, այնուհետև՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»,- ասվում է հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ