Երևանում մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը՝ նվիրված կայունությանը, նորարարությանը, մշակույթին, գրականությանը, անվտանգությանը, հավասարությանը և համայնքային ներգրավվածությանը։ Փառատոնը կանցկացվի հունիսի 12-13-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Անգլիական այգում։ Միջոցառումների մուտքն ազատ է՝ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կներկայացվի բազմազան ծրագիր՝ ներառելով պանելային քննարկումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, գրական միջոցառումներ, աշխատարաններ և այլն:
Փառատոնի շրջանակում Սունդուկյան թատրոնի «Black Box» (Բլեք Բոքս) դահլիճում կցուցադրվեն նաև նորդիկ երկրների ֆիլմեր՝ հայերեն ենթագրերով:
Բացի մասնագիտական և մշակութային ծրագրից՝ հունիսի 13-ին Անգլիական այգում կանցկացվի բացօթյա համայնքային օր՝ լի ստեղծագործական և ընտանեկան միջոցառումներով: Այցելուները կարող են մասնակցել մանկական աշխատարանների, գրքի ընթերցանությունների, LEGO կրթական դասընթացների, VR (վիրտուալ իրականության) փորձառության, վայելել երաժշտություն, նորդիկ հյուրասիրություն:
Փառատոնի բացումն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անե Տոֆթ Սորենսենը, Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքուիսթը, Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քիրսթի Նարինենը:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել դեսպաններին Երևանում «Նորդիկ օրերի» կազմակերպման կապակցությամբ և հույս հայտնել, որ այն կդառնա շարունակական:

Շեշտելով առաջին անգամ անցկացվող միջոցառման կարևորությունը՝ նախարարի տեղակալն ընդգծել է մշակութային և կրթական համագործակցության դերը Հայաստանի և նորդիկ երկրների միջև կապի ամրապնդման հարցում․ «Շատ ուրախ եմ տեսնել նորդիկ երկրների նախաձեռնողականությունը Հայաստանի հետ կապերի ամրապնդման հարցում, հատկապես՝ միջմշակութային երկխոսության խորացման և հյուսիսեվրոպական դրական փորձը Հայաստանում ներդնելու տեսանկյունից: Իրականում փորձում ենք սովորել, քայլեր ենք ձեռնարկում հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացման, ինչպես նաև դրանք եվրոպական չափանիշներին մոտարկելու ուղղությամբ, և այդ համատեքստում կարևոր է խթանել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը»:
Նախարարի տեղակալը ԵՄ հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ կարևորել է եվրոպական երկրների հետ տարածաշրջանային կապերի խորացումը՝ ընդգծելով, որ «Նորդիկ օրեր» փառատոնն այս առումով միջմշակութային երկխոսության արդյունավետ հարթակ է։
Իրենց խոսքում նորդիկ երկրների դեսպանները շեշտել են, որ փառատոնն ընդգրկում է հասարակության ամենատարբեր լսարանները՝ նեղ մասնագետներից և ուսանողներից մինչև ընտանիքներ և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են նորդիկ մշակույթի և հասարակության ուսումնասիրմամբ:
Ընդգծելով կայունության և նորարարության կարևորությունը՝ Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անե Տոֆտ Սորենսենը նշել է․ «Հպարտ ենք՝ հայ հանդիսատեսին ներկայացնելու դեռևս առաջին «Նորդիկ օրերի» փառատոնը, որը ցույց է տալիս՝ ինչպես է նորդիկ երկրների կայուն գործելակերպը խթանում տնտեսական աճը»:
Անդրադառնալով նորդիկ համագործակցության հիմքում ընկած արժեքներին՝ Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քիրսթի Նարինենը նշել է. «Նորդիկ երկրները մեր բալթյան հարևանների հետ միասին արտահայտում են եվրոպական երկրների ձգտումը՝ առանձին գործելու փոխարեն համատեղ լուծումներ գտնելու։ Մեր հասարակություններում սոցիալական ներառականությունը, հավասար հնարավորությունները և կրթական ամուր հիմքը միավորում են բոլորիս՝ դարձնելով դիմակայուն և ներշնչելով վստահություն սոցիալական հասարակարգի նկատմամբ»։
«Այս փառատոնը վերջին տարիներին Հայաստանում նորդիկ երկրների ներգրավվածության աճի վկայությունն է: Ուրախ ենք՝ մեր փորձն ու նորդիկ ապրելակերպը կիսել մեր հայ ընկերների հետ: Նորդիկը տարածաշրջանային համագործակցության ամենասերտ մոդելներից մեկն է՝ հիմնված բարեկամության, ամուր սկզբունքների և ընդհանուր հասկացողության վրա: Միասին մենք իսկապես ավելի ուժեղ ենք»,- անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության կարևորությանը՝ ընդգծել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը:
«Հուսով ենք՝ «Նորդիկ օրեր» փառատոնի ընթացքում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող որևէ բան՝ թե՛ երիտասարդները, թե՛ տարեցները, թե՛ մասնագետները, և թե՛ նրանք, ովքեր պարզապես ցանկանում են հանգստյան օր անցկացնել»,- ընդգծել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքուիսթը:
«Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնի այս տարվա հիմնական թեմաներն են՝ քաղաքային կայուն զարգացումը, նորաձևությունը, կլիմային ուղղված ծրագրերը, շրջանաձև տնտեսական լուծումները, համապարփակ անվտանգությունը, կանանց արդարադատության հասանելիությունը, նորդիկ գրականությունը, երիտասարդների ներգրավվածությունը և մշակութային համագործակցությունը:
