Մեծ Բրիտանիան պատուհասել է Յունիս փոթորիկը

18.02.2022 - 19:18 դիտում

Մեծ Բրիտանիայում մոլեգնում է Յունիս փոթորիկը, երկրում հայտարարվել է կարմիր տագնապ։ Բրիտանական կղզիների միլիոնավոր բնակիչների խորհուրդ է տրվել տնից դուրս չգալ փոթորկի պատճառով, որն ամենաուժեղներից մեկն է վերջին տասնամյակում:

Եղանակային վտանգի կարմիր մակարդակն արդեն գործում է հարավարևմտյան Անգլիայի և Հարավային Ուելսի տարածքում։ Ուրբաթ Ուելսում փակվել են հարյուրավոր դպրոցներ, գնացքները չեն աշխատում, զինվորականները բերվել են մարտական պատրաստության վիճակի:

Յունիս փոթորիկի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել ժամում 145 կիլոմետրի, ինչը կարող է առաջացնել լուրջ ավերածություններ և էլեկտրաէներգիայի անջատումներ, զգուշացնում են օդերևութաբանները։

Չնայած ուժեղ քամուն՝ Լոնդոնի օդանավակայանները շարունակում են աշխատել, թեև բազմաթիվ չվերթեր չեղարկվում են։

Յունիսը Բրիտանիայում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ խոշոր փոթորիկն է: Ավելի վաղ «Դադլի» փոթորիկը հարվածել էր Շոտլանդիայի, հյուսիսային Անգլիայի և Հյուսիսային Իռլանդիայի շրջաններին՝ հազարավոր տներ թողնելով առանց էլեկտրականության:

Եղանակի կարմիր մակարդակ հազվադեպ է հայտարարվում: Նման նախազգուշացումը ներկայացնում է վտանգ կյանքի համար. քամին կարող է քշել տների տանիքները, քանդել էլեկտրահաղորդման գծերը, արմատախիլ անել ծառերը: Լուրջ վտանգ են ներկայացնում նաև մեծ արագությամբ թռչող բեկորները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ