Մարզպետարան-համայնքներ համագործակցությունից շահում է համայնքը. տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը

Աննա Կոստանյան 15.03.2022 - 15:38
15.03.2022 - 15:38 դիտում

Մարզպետարան-համայնքներ համագործակցությունը կարևոր է, քանզի եթե փոխգործակցությունը ստացվում է՝ արդյունքում շահում է համայնքը․ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի 2022 թվականի առաջին նիստը, որին մարզային իշխանության ներկայացուցիչներից ու համայնքների ղեկավարներից զատ մասնակցել են համայնքների ավագանիների խմբակցությունների ղեկավարները։
Մարզխորհրդի օրակարգային առաջին հարցը համայնքների միավորումից հետո տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, աշխատակազմերի և ընթացիկ աշխատանքների կազմակերպմանն էր վերաբերում։ Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանի զեկույցի համաձայն Գյումրիում և 4 միավորված համայնքներում համայնքապետարանների աշխատակազմերում առկա 1019 հաստիքի փոխարեն այժմ նախատեսված է 785 հաստիք: Նոր միավորված համայնքների կազմում ընդգրկված թվով 97 բնակավայրերից վարչական ղեկավարների նշանակում նախատեսված է 93-ում։ Այս պահին նշանակված են 88 բնակավայրերի վարչական ղեկավարներ:
Շիրակի մարզպետը կարևորել է նոր ձևավորված համայնքներում այս գործընթացների իրավաչափությունն ու ժամանակին իրականացումը․ «Այստեղ կարևոր է թե համայնքի ղեկավարի, թե ավագանու աշխատանքը։ Ես ուզում եմ, որ առավել ուշադիր լինեն ավագանու անդամները, հատկապես, խմբակցությունների ղեկավարները, որովհետև ձեր լիազորությունների շրջանակներում տեղական ինքնակառավարումն իրականացնողները նաև դուք եք։ Այո, համայնքի ղեկավարները ընտրված մարմիններ են և ունեն լիազորություններ, բայց ավագանու անդամներին ևս լիազորություններ են վերապահված, որոնք շատ կարևոր են տեղական կառավարումն իրականացնելիս։ Կարևոր է այն փաստը, որ համայնքների հաստիքացուցակներում մարզպետարանի դիտարկումները հաշվի են առնվել, քանի որ միավորված համայնքներում մասնագիտական որոշ պաշտոնների առկայությունը շատ կարևոր է, որը հեշտացնելու է աշխատանքները»։
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և առաջիկա ծրագրերի մասին է անդրադարձել գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Ըստ այդմ, կատարվել է 12425 հա աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվանից պակաս է 2520 հա-ով: Ձմեռացման ընթացքում աշնանացան ցորենի ցանքատարածությունների ցրտահարության դեպքեր չեն գրանցվել:
Անդրադարձ է կատարվել կառավարության կողմից հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրին, որով մինչև 3 հա հողատարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսությունները կսուբսիդավորվեն պարարտանյութի գնի վաճառքի 50%-ի չափով։
Կարևորելով գյուղատնտեսության բնագավառում պետական ծրագրերի իրականացումը՝ Շիրակի մարզպետը հորդորել է անել հնարավորը բոլոր ծրագրերի հանրայնացման համար․ «Ստացվում է այնպես, որ 15-ից ավել պետական աջակցության ծրագրեր ունենք և դիմելիությունը ցածր է, այստեղ խնդիր է առաջանում, կամ բովանդակային թերացում կա, կամ քաղաքացիները տեղեկացված չեն։ Ես բովանդակային առումով մինչ այժմ որևէ վերապահում չեմ տեսել, համայնքների հարգելի ղեկավարներ, ավագանու խմբակցությունների հարգելի ղեկավարներ, ձեզ ևս հորդորում եմ, ներգրավվեք այս աշխատանքներում, անհրաժեշտ նյութատեխնիկական աջակցության պարագայում պատրաստ ենք օժանդակելու։ Էկոնոմիկայի նախարարության հետ ունենք պայմանավորվածություն, գյուղատնտեսության ոլորտը համակարգող երկու տեղակալներն այցելելու են Շիրակի մարզ՝ խոշոր տնտեսվարողների, ֆերմերների հետ հանդիպելու և իրավիճակին տեղում ծանոթանալու, որպեսզի պատկերն առավել ամբողջական լինի»։
Համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման ու ներկայացման մասին է խոսել զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։ 2022-ին ներկայացվել է թվով 44 ծրագրային հայտ։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 7 մլրդ 229 մլն դրամ է, որից պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում 3 մլրդ 871 մլն դրամ (53․6%), համայնքի բյուջեի ֆոնդային մասը՝ 3 մլրդ 118 մլն դրամ (43․1%) և այլ ներդրողներ 240 մլն դրամ (3.3%)։
«Յուրաքանչյուր ծրագիր պետք է ներկայացվի՝ հաշվի առնելով համայնքների իրական կարիքները, բխի համայնքների շահերից ու տանի խնդիրների լուծմանը, քանի որ պետությունն ամեն ինչ անում է համայնքներին աջակցելու, նրանց հզորացնելու համար»,- նշել է մարզպետը։
Համայնքների վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման տրամադրման մասին զեկույցով հանդես է եկել հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Զորիկ Խաչատրյանը։ Անդրադարձ է կատարվել օրենսդրական բարեփոխումներին, հողի վարձակալական վճարների հավաքագրումներին, հողերի օտարմանը։
«Ուզում եմ, որ համայնքի ղեկավարներն ուշադրություն դարձնեն աճուրդների գործընթացներին, որպեսզի դրանք լինեն բաց ու թափանցիկ և հետագայում խնդիրներ չունենանք։ Պետք է ընդգծեմ, որ մենք մարզում չմշակվող վարելահողեր պետք է չունենանք, նաև վարձակալության գործընթացը պետք է լինի թափանցիկ, օրենքի սահմաններում, որպեսզի նախորդ տարվա պատկերը չկրկնվի, երբ սեփական եկամուտների կատարման արդյունքում անգամ վարձակալության պահով ունեինք բացթողումներ։ Այս նիստին սեփական եկամուտների հավաքագրմանը չենք անդրադառնում, սակայն այսօրվանից նաև մարզպետարանն է խիստ հետևողական լինելու, որպեսզի ամբողջ բեռը չմնա տարեվերջին։ Հաջորդ մարզխորհրդի նիստին քննարկելու ենք մարզի հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, որի շուրջ կցանկանայի լսել համայնքներից դիտարկումներ և առաջարկություններ»,- ընդգծել է Նազելի Բաղդասարյանը։
Մարզի խորհրդի նիստին ոռոգման սեզոնին ընդառաջ իրականացված աշխատանքներին, գյուղատնտեսական այլ հարցերի, ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացի մասին հայտարարություններով են հանդես եկել մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Կարեն Մանուկյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ