Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը ամսական 50 հազար դրամ տրամադրելու մասին որոշումը

Աստղիկ Խաչատրյան 16.12.2021 - 15:32
16.12.2021 - 15:32 դիտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է, որ հաջորդ նիստին կներկայացվի երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային մինչև 6 տարեկան դառնալը տրվող աջակցության՝ ամսական 50 հազար դրամ տրամադրելու մասին որոշման նախագիծ:

«Սա նույնպես ժողովրդագրության, ծնելիության աճին միտված նախագիծ է, որը 2022 թվականի հունվարի 1-ից նույնպես կմտնի ուժի մեջ: Մի հետաքրքիր փաստ էլ եմ ցանկանում արձանագրել. վերջին տարիներին կա միտում՝ ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդներով պայմանավորված: Կարծում ենք, որ սա տեղի է ունենում կառավարության մի շարք ծրագրերի իրականացման շնորհիվ: Դրանցից են՝ երեխայի ծնունդով պայմանավորված միանվագ նպաստների բարձրացումը, գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրումը՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, ինչպես նաև երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների հիփոթեքին ուղղված ծրագրերը»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձել է կրթությունը հասանելի դարձնելու ծրագրին: «Ծնելիությունը խթանելուն ուղղված ծրագրեր ենք իրականացնում, բայց, հատկապես գյուղական վայրերում, մենք ունենք կրթության հասանելիության խնդիր: Եթե երեխան պատշաճ կրթություն չստանա, ապագայի համար նոր սոցիալական խնդիրներ կստեղծվեն»,- ասել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է պատշաճ կրթություն ստանալու կարևորությունը, որի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են՝ մանկապարտեզների, դպրոցների կառուցում, ուսուցիչների կամավոր ատեստավորում և այլ քայլեր: «Սրան ավելացնենք նաև այն, ինչ ասացի սկզբում՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը և այն, ինչի մասին խոսել ենք ընտրություններից առաջ և հետո, Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը: Այս բոլոր հարցերն ունեն շատ լուրջ բարդություններ: Եթե այդ ամենը հեշտ լուծելի լիներ՝ վաղուց լուծված կլիներ: Բայց մենք դա համարում ենք մեր քաղաքական պարտավորությունը, եթե կուզեք՝ քաղաքական առաքելությունը՝ մենք, այո՛, այս փոթորկված օվկիանոսում մեր սիրելի հայրենիքը, այլաբանորեն ասած՝ մեր նավը, պետք է հասցնենք խաղաղ նավահանգիստ»,- ասել է վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ