ՀՀ տարածքում հակառակորդի զինծառայողների թիվը չի գերազանցում 1000-ը․ եթե հարցին սկսենք լուծում տալ ռազմական ուժով, ապա նրանք մեր տարածքից դուրս գալ չեն կարող, կոչնչացնենք բոլորին․ ԳՇ պետի տեղակալ

Աննա Կոստանյան 27.05.2021 - 16:38
27.05.2021 - 16:38 դիտում

Մենք հակառակորդին գնահատում ենք ոչ թե քանակով, այլ ստորաբաժանումներով: Ներկա դրությամբ ամբողջ ճակատով մեր տարածքում գտնվող հակառակորդի զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը։ Այս մասին ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց գեներալ-մայոր, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանը։

«Եթե դիտարկվում են հակառակորդի զինծառայողներ սահմանի վրա, սահմանից այն կողմ, ապա մարդիկ կարող են շատ ավելի մեծ թվեր ասել: Հակառակորդի նշված 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություն չունի։ Եթե մենք հարցին սկսենք լուծում տալ ռազմական ուժի կիրառմամբ, ապա միանշանակ, այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող, կոչնչացնենք բոլորին՝ անխտիր»,-ասաց նա։

Հարցին՝ քաղաքական ղեկավարության կողմից հրաման կա՞ չկրակելու, Ասրյանն արձագանքեց՝ այդպիսի բան չկա, քաղաքական ղեկավարությունն այդպիսի հրամաններ չի տալիս։

«Կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը որոշում է հանգուցալուծման համապատասխան ուղղություններ, պայմաններ։ Եթե մենք զգանք, որ արդեն իսկ չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվել, և լինեն համապատասխան նախապայմաններ, որ հակառակորդը արդեն ձգտում է այդ ուղղությամբ իր պայմանները թելադրելու, մենք, միանշանակ կկիրառենք ռազմական ուժ և կոչնչացնենք հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը գտնվում են մեր նշանառման տակ, ԶՈւ-ն պատրաստ են իր առջև դրված խնդիրը կատարել»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ