Հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները գիշերը փորձում էին ուժերը միավորել, մենք որոշել ենք տեղադրել 1 նոր մարտական դիրք, ինչի ընթացքում էլ 6 զինծառայողները գերեվարվել են․ ԳՇ պետի տեղակալ

Աննա Կոստանյան 27.05.2021 - 16:16
27.05.2021 - 16:16 դիտում

Ռազմական գործողությունների ավարտից հետո անցել է 6 ամսից ավելի ժամանակ, և Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը և այդ իրավիճակում էլ սկսվել է մայիսի 12-ից ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակը, որն այս պահի դրությամբ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում շարունակվում է նաև այս պահի դրությամբ։ Այս մասին ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց գեներալ-մայոր, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանը։

Թե ինչու է իրավիճակը օպերատիվ մարտավարական, ոչ թե օպերատիվ ռազմավարական, Ասրյանը պարզաբանեց՝ որովհետև այն կրում է տեղային բնույթ։

«Օպերատիվ մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ հարկադրական գործողությունները, իսկ մեր ԶՈւ ստորաբաժանումները, նույնպես հակագործողություններ վարելով, փորձում են ՀՀ տարածք ներաթափանցած հակառակորդի ուժերը և միջոցները վտարել մեր տարածքից»,-ասաց նա։

Ասրյանը հիշեցրեց՝ իրավիճակը սկզբնական ժամանակահատվածում լարված էր Սև լիճ-Վերիշեն ուղղությամբ՝ Գորիսից դեպի հյուսիս-արևելք ուղղությամբ տեղակայված մեր մարտական հենակետերի շրջանում, այս գիշերվա ընթացքում իրադրությունը լարվել է նաև Կութ-Նորաբակ ուղղությունում։

«Գիշերային իրավիճակն իր լարվածության գագաթնակետին է հասել ժամը 5-ի դրությամբ, որովհետև մենք դիտարկել ենք և գրանցել, որ հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները, որոնք գտնվում էին մեր պետական սահմանում՝ 1,5-2 կմ խորությամբ, փորձում էին իրենց ուժերը միավորել և ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար»,-ասաց նա՝ նշելով, թե գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որն իր թևահար դիրքով կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները։

«Նշված գործողության ընթացքում հակառակորդն իր օդային հետազոտության արդյունքներով հայտնաբերել է մեր գործողությունները և իր ստորաբաժանումներով շրջափակել մեր գործողություն իրականացնող խումբը և գերեվարել մեր 6 զինծառայողի»,-ասաց նա։

Թե ինչու մեր զինծառայողները զենք չեն կիրառել, Ասրյանն ասաց․ «Արդեն իսկ 16 օր հայտնի է, որ նշված իրավիճակը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել, կասեցնել առանց զենքի, ուժի կիրառման, և գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ զինծառայողները ձեռնամարտի են բռնվել՝ ունենալով իրենց հաստիքային զենքերը։ Նույն իրավիճակը ստեղծվել է նաև այդ գործողության ընթացքում․ մոտենալով մեր զինծառայողներին, զենք ուղղելով նրանց վրա՝ հրամայել են հանձնվել, և մեր երկու զինծառայող, որոնք գտնվում էին որոշակի հեռավորության վրա, բանակցային գործընթաց սկսելու պատրվակով մոտեցել են հակառակորդին, բայց, փաստորեն, հակառակորդը, որդեգրած լինելով իր նենգ քաղաքականությունը, զինաթափել և գերեվարել է մեր զինծառայողներին»,-ասաց նա։

Ասրյանը նշեց, թե իրենք կապի մեջ են Արցախում տեղակայված ռուսական զինվորական խաղաղապահ ուժերի շտաբի հետ, և բանակցային գործընթացը շարունակվում է։

«Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ՝ իրենց ուժերի հետքաշման պայմանով, իսկ մենք ներկայացրել ենք մեր պայմանը, որ մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք ժամը 5-10-ը ամբողջ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, հետ կքաշենք այն պայմանով, եթե իրենք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին, այլ պայման մեզ համար ընդունելի չէ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ԶՈւ ստորաբաժանումները նշված ուղղությունում զբաղեցրած դիրքերում պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելուն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ