ՀՀ-ն ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության էներգետիկայի աշխատանքային խմբի երկամյա համակարգումը

Աստղիկ Խաչատրյան 30.06.2021 - 21:34
30.06.2021 - 21:34 դիտում

Հունիսի 30-ին կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի առցանց հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Իր ելույթում Արման Խաչատրյանն անդրադարձել է նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած լայնածավալ միջոցառումներին, որոնց կիզակետում են տնտեսության առավել տուժած ոլորտներն ու առավել խոցելի սոցիալական խմբերը: Կարևորվել է տնտեսական աճը խթանող տարածաշրջանային համակարգված գործողությունների, նորարարական և կայուն զարգացման, մրցակցության խթանման անհրաժեշտությունը:

Արման Խաչատրյանն անդրադարձել է նաև գլոբալ համավարակի պայմաններում նախորդ տարի Ադրբեջանի կողմից Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային և դրա հետևանքներին: Մասնակիցներին ներկայացնելով Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների բացահայտ խախտումները` ընդգծվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ պահվածքը շարունակում է վտանգել տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը: Շեշտվել է, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանն ուղղված միջազգային ջանքերին՝ ի թիվս այլի գերության մեջ պահելով հայ զինծառայողներին ու պատանդառված քաղաքացիական անձանց:

Առցանց հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև միակողմանի հարկադրանքի միջոցների և շրջափակման անընդունելիությունը, ինչը խոչընդոտում է տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը և առևտրի դյուրացմանը՝ որպես ՍԾՏՀ հիմնական նպատակների:

Նիստի արդյունքներով՝ ՍԾՏՀԿ-ում նախագահությունը փոխանցվել է Վրաստանին, իսկ Հայաստանն ստանձնեց ՍԾՏՀԿ էներգետիկայի աշխատանքային խմբի երկամյա համակարգումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ