ՀՀ-ն բարձր է գնահատում Ձեր ջանքերը՝ ուղղված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը. Խաչատուրյանը՝ Մակրոնին

25.04.2022 - 19:12 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ այս նոր պաշտոնավարման շրջանում կշարունակեք Ձեր նպաստը բերել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ամրապնդմանն ու մեր պետությունների միջև ձևավորված 30-ամյա առանձնաշնորհյալ հարաբերությունների խորացմանը։

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր հետևողական ջանքերը՝ ուղղված Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատմանը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ