Մենք մեր բոլոր միջազգային գործընկերներին ենք տեղյակ պահել, և Ադրբեջանի հետ քննարկումների և բանակցությունների ընթացքում ասում ենք, արձանագրում ենք, որ մենք չենք պատրաստվում մեր Սահմանադրության հետ կապված հարցերը քննարկել որևէ արտաքին սուբյեկտի հետ։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի հարցին։
«Պաշտոնական մակարդակում մենք ասում ենք, որ մենք չենք քննարկում սահմանադրական հարց։ Մենք պարզապես, քանի որ քննարկում է ընթանում, տեղեկացնում ենք, ձեզ տեղյակ ենք պահում, որ մենք ունենք այդպիսի ընկալում խնդրի վերաբերյալ։ Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեր նախընտրական ծրագրում է նոր Սահմանադրության ընդունման հարցը։ Եվ հիմա արդեն կառավարության ծրագրում է նոր Սահմանադրության ընդունման հարցը։ Եվ մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով։ Նախորդիվ էլ եմ արձանագրել, որ Հայաստանում մի հատ խոսույթ կա՝ «Վա՜յ, Ադրբեջանն այսպես ասաց կամ Ադրբեջանն այնպես ասաց»։ Մենք ունենք մեր ռազմավարությունը, մենք մեր ռազմավարությամբ գնում ենք առաջ։ Եվ մենք, այո՛, նաև Ադրբեջանին ասում ենք, որ Սահմանադրությունը մեր ներքին գործն է, և մենք Սահմանադրությունը պատրաստվում ենք քննարկել բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ։ Առաջիկայում նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի, և մենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի, այդ թվում՝ խորհրդարանի հետ կսկսենք քննարկումները։ Իհարկե, առաջիկա մի քանի ամիսներին նախ հանրային քննարկում կլինի, հետո ընթացակարգով կլինի՝ ընթացակարգով մնացած գործընթացներն էլ տեղի կունենան։ Եվ էլի, Ձեր ուղիղ հարցին ուղիղ ասում եմ, որ, այո՛, մենք Ադրբեջանին հստակ ասում ենք, որ մենք չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը, և մեզ համար անընդունելի է, որ որոշ շահարկումներ են արվում և սնունդ են տալիս հատկապես մեր ընդդիմությանը»,- նշեց վարչապետը։
