ՀՀ ՄԻՊ–ը ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի նիստի շրջանակում խոսել է Ադրբեջանի կողմից հայ կին զինծառայողների խոշտանգումների մասին

Աստղիկ Խաչատրյան 12.10.2022 - 22:28
12.10.2022 - 22:28 դիտում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի 83-րդ նիստի շրջանակում խոսել է Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի ընթացքում հայ կին զինծառայողների խոշտանգումների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Առցանց նիստի ընթացքում դիտարկվել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ 7-րդ ազգային զեկույցը։
Իր ելույթում Գրիգորյանն ընդգծել է, որ պատերազմական հանցագործությունները պայմանավորված են ազգային և գենդերային ատելությամբ ու նշել, որ առավել մտահոգիչ են ադրբեջանցիների կողմից այդ հանցանքները պատկերող տեսանյութերի տարածումը սոցցանցերում։
ՄԻՊ–ը շեշտել է, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական ագրեսիան անհամաչափորեն ծանր է ազդել հատկապես կանանց ու աղջիկների վրա, ներառյալ հաշմանդամություն ունեցողների։
Անդրադարձ է եղել Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացումներին և օրենսդրական բացերին, մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել կոնկրետ առաջարկություններով` խտրականության արգելքի, առանձին հանցակազմերով գենդերային բռնության բոլոր տեսակները քրեականացնելու, ինչպես նաև բռնություն զոհերի պաշտպանության ընթացակարգային երաշխիքները ընդլայնելու, ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակման, տեղահանված կանանց և աղջիկներին հոգեկան առողջություն պահպանման ոլորտում պետական աջակցություն տրամադրելու և այլ հարցերի մասին։
Գրիգորյանն իր ելույթում խոսել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ