ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծի մասին

Աստղիկ Խաչատրյան 26.10.2021 - 11:43
26.10.2021 - 11:43 դիտում

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:

ԱԺ-ում ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին խոսելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ սա զուտ տեխնիկական կամ տնտեսական նախագիծ չէ:

«Այն քաղաքակրթական նախագիծ է, Ազգային ժողովը՝ որպես ազգին առաջնորդող մարմին, պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին»,- ասաց Վահան Քերոբյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը Վահան Քերոբյանին հարցրեց, թե արդյոք հարցն անցե՞լ է հանրային քննարկումների փուլ և քննարկվե՞լ է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
«Նախագիծը շրջանառության մեջ է տարվա սկզբից, և բազմաթիվ հանրային քննարկումներ են եղել՝ սրա հետ կապված: Նախագիծը կառավարության հավանությանն արժանացել է, այսինքն՝ կառավարության բոլոր նախարարներն արտահայտվել են, և ընդհանուր որոշում է կայացվել: Հանրային քննարկումները բազմաթիվ են եղել. բազմաթիվ ասոցիացիաների և բիզնես միավորումների հետ հարցը քննարկվել է: Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք լիակատար կոնսենսուս գործարար հանրության մեջ»,- ասաց նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ գործադիրն ընդունել է որոշում՝ ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ