Հին անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մեկ տարով. ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկած այդ և մյուս նախագծերը

Գոհար Ստեփանյան 9.12.2020 - 10:37
9.12.2020 - 10:37 դիտում

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: Առաջարկվող փոփոխության նպատակն է գործող անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը, ինչպես նաև կանխարգելել ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները վարելու իրավունք չունեցող անձանց կողմից: Կողմ քվեարկեց 79, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

ՀՀ կառավարության և ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն օրենսդիրն ընդունեց միաձայն: Ըստ նախագծի՝ Կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման, տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու, ինչպես նաև վարչատարածքային բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու ուղղությամբ: Իրականացվելու են լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը, առցանց եղանակով գրանցման կամ հաշվառման դիմումների ավելացմանը, Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը: Կողմ քվեարկեց 78, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Օրենսդիրն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական փաթեթին, որի ընդունմամբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կհամապատասխանեցվի այն գործիքակազմին, որը ներդրվել և կիրառվում է 2014 թվականից: Կսահմանվի ՔԿԱԳ ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ. կխնայվեն դիմողների ժամանակը և տեղաշարժի հետ կապված ծախսերը, կնվազեցվեն ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Առաջին անգամ հնարավորություն կընձեռվի վարչական վարույթի շրջանակում անվավեր ճանաչել այն քաղաքացիական կացության ակտերը, որոնք գրանցվել են օրենքի խախտմամբ: Կողմ քվեարկեց 80, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծը, որում հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները: Նախատեսվել են հանցանք կատարած անձին իր կատարած արարքի համար համաչափ պատասխանատվության և պատժի ենթարկելը, նրան որպես օրինապահ անձ հասարակություն վերադարձնելը, հասարակությունում նրա վերաինտեգրումն ապահովելը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգիրք, որը թույլ կտա ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը, ինչպես նաև երաշխավորել հանցագործության զոհի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, կատարելագործել քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը: Կողմ քվեարկեց 77, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 4 պատգամավոր:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նախատեսվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը խոչընդոտելու կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու ենթադրության դեպքում կապահովվի կասկածյալ կամ մեղադրյալ աշխատողի լիազորությունների կասեցման հնարավորությունը, ինչպես նաև կսահմանվի տվյալ դեպքի համար հանրային ծառայության մեջ գտնվող անձանց վճարվող հատուցման չափը: Կողմ քվեարկեց 78, ձեռնպահ՝ 4 պատգամավոր:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «ՀՀ քննչական կոմիտեի մասին», «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ