Հետվճար՝ թոշակի և նպաստի քարտերով անկանխիկ գնումների դեպքում

Աննա Կոստանյան 19.05.2022 - 18:06
19.05.2022 - 18:06 դիտում

Հուլիսի 1-ից թոշակի ու նպաստի քարտերով անկանխիկ վճարումների համար 10 տոկոս հետվճար՝ քեշբեք կկիրառվի: Կառավարությունն ընդունեց նախագիծը, որի մասին դեռ նախորդ նիստին էր անոնսվել: Նախարար Մկրտչյանը մանրամասնեց՝ ծրագիրն արդեն գործընկեր բանկեր ունի, հենց դրանց քարտերով վճարումների դեպքում կաշխատի նոր մեխանիզմը, ամեն ամսվա գործարքից հետվճարը հաջորդ ամսվա սկզբին կփոխհատուցվի՝ բանկեր – կառավարություն 5-ական տոկոս համամասնությամբ:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) – Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները: Հետվճարները տարածվելու են նաև կոմունալների վրա, եթե դրանք վճարվել են քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով:

Բանկերի անունները կհրապարակվեն շուտով, որ քաղաքացիները մեկ ամիս ժամանակ ունենան՝ ցանկության դեպքում փոխելու բանկը, եթե դրա անունը չգտնեն գործընկերների շարքում: Կարևորելով սոցիալական այս նախաձեռնությունը՝ վարչապետը բացատրեց, թե ինչու է հետվճարի համար առավելագույնը 5000 դրամի շեմը սահմանվել:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) – Հիմա մեր մոտ կեսաթոշակների մի քանի շերտեր կան՝ կան արտոնյալ կեսաթոշակներ, որտեղ ընդհուպ կան քաղաքացիներ, որոնք մինչև 200 հազար դրամ և ավելի կեսաթոշակ են ստանում, մենք էստեղ չենք ուզում դիսբալանս ստեղծենք:

Սա նպատակ ունի մեղմելու գնաճը՝ ի նպաստ քաղաքացու, շահավետ է նաև բիզնեսին՝ շեշտեց Փաշինյանը՝ միայն կենսաթոշակների դեպքում խոսքը տարեկան 500 մլրդ դրամի շրջանառության մասին է: Բայց որ համակարգը աշխատի՝ քարտով թոշակ ստացող տատիկ- պապիկներն էլ ամսվա սկզբին բանկոմատի մոտ պետք է հերթ չկանգնեն՝ այն կանխիկացնելու համար: Գլխավոր ֆինանսիստը հիշեցրեց՝ այդ քարտերին մուտք անել կարող է միայն պետությունը:

Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) – Եթե նա առաջին օրը գնաց 40 հազարը կանխիկացրեց, հետո հասկացավ, որ եթե ամվսա ընթացքում անկախիկ օգտագործեր էդ գումարը կստանար 4000 դրամ հետվճար, որոշի հետ տանի էդ գումարը՝ չի կարողանալու:

Նիկոլ Փաշինյան – Էս ծրագիրը փորձնական անում ենք 6 ամսով, սկսի աշխատել ծրագիրը, կվերլուծենք կհասկանանք, ինչ հնարավորություններ, ինչ թերություններ կան, հընթացս գուցե ավելի լավարկենք:

Սա կնպաստի, որ պետության սոցիալական քաղաքականությունն էլ առավելագույս թիրախային լինի, կարիքների գնահատումը ճիշտ արվի՝ ասաց վարչապետն ու դիմեց պատասխանատու նախարարին:

Նիկոլ Փաշինյան – էս առումով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում էլ վերլուծական կարողություններ կան, և ես սպասում եմ, որ արդեն սեպտեմբերի կոնկրետ վերլուծություններ կունենանք և գուցե թե դրանք համադրենք մեր կողմից վարվող քաղաքականությունների հետ:

Որ ծրագիրն արդյունավետ աշխատի նաև մարզերում, ՊԵԿ-ն ու գլխավոր դրամատունն արդեն համատեղ աշխատում են, կազմակերպում նոր սերնդի բոլոր ՀԴՄ-ներով անկանխիկ վճարում ընդունելու ծառայության ակտիվացումը՝ զեկուցեց Ռուստամ Բադասյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ