Հատուկ օպերացիա «Պոլիգրաֆ» ակումբում․ մոտ 40 անձ է բերման ենթարկել, մի մասը հայտնի անձանց բարեկամներ

Աննա Կոստանյան 24.04.2023 - 19:49
24.04.2023 - 19:49 դիտում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ապրիլի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ ժողովրդին հայտնի՝ կարմիր բերետների խմբի հետ, Կորյունի փողոցում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրականացրել են հատուկ օպերացիա։

Օպերացիան կրել է «Ալի Բաբան ու 40․․․» անվանումը։

Ոստիկանության ծառայողները նշված վայրից մոտ 40 անձ են բերման ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որոնցից մեծ մասի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, կասկածելի առարկաներ, սառը զենքեր։

Երբ ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներով ժամանել են նշված ակումբ և սկսել են գործողություններ իրականացնել, անվտանգության մի քանի աշխատակիցներ, ովքեր իրենց դրել էին «Ռեմբոյի» տեղը, փորձել են խոչընդոտել ոստիկանների օրինական գործողություններին։ Սակայն երբ ոստիկաններից մի երկուսը փռշտացել են, անվտանգության առյուծ կտրող տղերքը դարձել են «խոնարհ հարս»։

Բերման ենթարկվածների մեջ կան նաև հասարակությանը հայտնի անձանց բարեկամներ, ովքեր փորձել են իրենց բարեկամների միջոցով հասնել նրան, որ ոստիկանները նրանց չտեղափոխեն Ոստիկանություն, սակայն այդ ամենը հոդս է ցնել՝ խելոք, շարքով, կարգով տեղափոխվել են ոստիկանություն։

Այս պահին չենք հրապարակում նշված անձանց տվյալները։ Սակայն կարելի է վստահաբար նշել, որ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հայատարությունը՝ 2023-ը թմրամոլության դեմ պայքարի տարի է, հերթական օպերացիայի փայլուն ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում դարձավ իրականություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ