Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
ՀՀ 2027 թ. համախմբված բյուջեն գնահատվում է՝ եկամուտների գծով՝ 3,829.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 4,298.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 468.2 մլրդ դրամ։ ՀՀ համայնքների 2027 թ. բյուջեները գնահատվում են՝ եկամուտների գծով՝ 417.6 մլրդ դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 417.6 մլրդ դրամ:
ՀՀ տնտեսական աճը և, ըստ այդմ, հնարավորությունների ընդլայնումը պայմանավորված են լինելու նաև միջազգային մրցունակության աճով։ 2027 թ.-ին կանխատեսում ենք 5.8% տնտեսական աճ, իսկ միջնաժամկետ հատվածում տարեկան աճը միջինում կկազմի 6%՝ Կառավարության ծրագրի թիրախներին համապատասխան։ Մասնավորապես՝ 2027 թ. պետբյուջեի սոցիալ-տնտեսական ուղղվածությունը ձևավորվել է տնտեսական աճի ներուժի ընդլայնման, մարդկային կապիտալի զարգացման, սոցիալական պաշտպանության արդյունավետության բարձրացման և հանրային ծառայությունների որակի ու հասանելիության բարելավման նպատակների համադրմամբ։ Բյուջետային քաղաքականության շրջանակում առաջնահերթություն է տրվել այն ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորմանը, որոնք ունեն տնտեսական աճը, զբաղվածությունը, արտադրողականությունը և բնակչության եկամուտների աճը խթանող ազդեցություն։ Այս համատեքստում կարևորվել է կապիտալ և ենթակառուցվածքային ծրագրերի, կրթության, առողջապահության, զբաղվածության և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով ծախսերի արդյունավետ իրականացումը։ Ըստ այդմ, կշարունակվեն առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի փուլային ներդրումը, անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող՝ աշխատաշուկայից (ֆորմալ զբաղվածությունից) դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը, անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը և այլն։
