Հայ գերիների գնդակահարությունը պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch

Աննա Կոստանյան 14.10.2022 - 19:36
14.10.2022 - 19:36 դիտում

Հայ ռազմագերիների սպանությունն ադրբեջանական ուժերի կողմից 2022 թվականի սեպտեմբերին երկու երկրի միջև կռիվների ժամանակ, պատերազմական հանցագործություն է, որի համար պետք է պատասխանատվություն կրեն՝ այսօր հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավպաշտպան կազմակերպությունը։ Կառույցը վերլուծել է հոկտեմբերի սկզբին սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որոնցում երևում է, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական ուժերի իրականացրած առնվազն յոթ հայ ռազմագերիների գնդակահարությունը:

Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության սկսված հետաքննությունն արդյունավետ լինի և պատասխանատվության ենթարկի մեղավոր զինվորներին ու հրամանատարներին՝ հայտարարում է Human Rights Watch-ը:

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ զինդատախազությունը սկսել է «համապարփակ հետաքննություն» սպանությունների տեսագրության վերաբերյալ՝ պարզելու, թե արդյոք այն իսկական է: Եթե այո, «ապա պետք է պարզել ներկայացված զինծառայողների ինքնությունը: Հետաքննության արդյունքում կձեռնարկվեն օրինական միջոցներ»։

Human Rights Watch-ը ստուգել է 40 վայրկյան տևողությամբ տեսանյութը տարբեր մեթոդներով, այդ թվում՝ խորհրդակցելով զենքի և բժշկական փորձագետների հետ, վերլուծելով տեսանյութում լսվող լեզուն և օգտագործելով պատկերների որոնման համակարգեր՝ պարզելու՝ արդյոք տեսանյութը տեղադրվել է առցանց մինչև սեպտեմբերի կեսերը:

Ժնևի երրորդ կոնվենցիայով պատերազմական հանցագործություն է ռազմագերիներին դիտավորյալ սպանելը, նրանց նկատմամբ վատ վարվելը՝ խոշտանգելը, դիտավորյալ խոր տառապանք կամ մարմնական ու առողջական լուրջ վնասվածքներ պատճառելը:

Ադրբեջանը Ժնևյան կոնվենցիաների, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակիցն է, վերջին երկուսը խստորեն արգելում են արտադատական մահապատիժները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ