Հայկական կողմը ծանուցել է ՌԴ-ին, որ «Զվարթնոց»-ում սահմանապահ ծառայության մեջ ռուսական կողմի աջակցության կարիքը չի զգում. Միրզոյան

Աննա Կոստանյան 7.03.2024 - 16:17
7.03.2024 - 16:17 դիտում

Ռուսական կողմը տեղեկացվել է հայկական կողմի այս նախաձեռնության մասին. Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Զվարթնոցում» ռուս սահմանապահների ծառայություններից հրաժարվելու մասին հարցին:

«Ես ուզում եմ ընդգծել, որ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը և նախատեսված է եղել այդ գործառույթն իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա, և երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունը, բնականաբար, ամբողջությամբ դա կիրականացնի Հայաստանը իր պատկան մարմինների միջոցով: Եվ ահա հիմա մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցն այդքանով կլուծվի: Խոսքը լիազորությունների ամբողջական փաթեթի մասին է:

Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում, իհարկե շնորհակալություն հայտնելով:

Ծանուցումն արվել է համապատասխան ծառայությունների միջոցով: Ինքս գուցե ճիշտ չներկայացնեմ տեխնիկական մանրամասները, բայց կարծում եմ՝ մեծ ժամկետների մասին չէ խոսքը: Հայտարարությունը եղել է միայն «Զվարթնոցի» մասին, հետևաբար խոսում ենք «Զվարթնոցի» մասին»,- նշեց ԱԳ նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ