Հայկական կողմը երբևէ չի կիրառել իրանական կամ ֆրանսիական ԱԹՍ-ներ. Սուրեն Պապիկյան

Աստղիկ Խաչատրյան 24.05.2023 - 19:43
24.05.2023 - 19:43 դիտում

Հայկական կողմը ադրբեջանական սադրանքներին ի պատասխան երբևէ չի կիրառել իրանական կամ ֆրանսիական ԱԹՍ-ներ: ՀՀ ԶՈւ–ի սպառազինության մեջ այդ երկրների նման զինատեսակներ գոյություն չունեն։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՊՆ-ն հերքել է այս ապատեղեկատվությունը ու նշել, որ մեր սպառազինության մեջ նման զինատեսակ գոյություն չունի, բայց այս ապատեղեկատվությունը շարունակությունն է նաև հայտնի ՍՈւ-30-ների մասին ապատեղեկատվության, երբ նշվում էր, որ ՀՀ ԶՈւ-ին պատկանող ինքնաթիռները տրվել են այլ երկրի», – ասաց Պապիկյանը:

Նախարարի խոսքով` ադրբեջանական կողմն արդեն իսկ հերքել է իրենց իսկ տարածած տեղեկությունները։

«Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը նախապատրաստական ապատեղեկատվությունն այնպիսին էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ, այնուհետև, իրենք իրենց իսկ հերքելով՝ հաջորդ օրը բոլորին ներկայացրեցին, որ իրենց տարածքում հայտնաբերվել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ, իսկ արդեն հաջորդ օրը ԱԹՍ-ները դարձան ֆրանսիական ու, իբր, դրանք օգտագործվում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով, բնականաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է: Այո, ես պաշտոնապես դա հերքում եմ»,- ասսաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք՝ մայիսի 11-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հերքել էր ադրբեջանական կեղծ լուրերը իբր թե իրանական ԱԹՍ-ներ օգտագործելու մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ