Հայկական ապրանքներում խախտումներ են գտնվել, դրա համար էլ ուժեղացված ստուգումներ են․ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ

Աննա Կոստանյան 28.11.2023 - 16:01
28.11.2023 - 16:01 դիտում

Վերին Լարսի անցակետում խնդիրները միայն հայկական բեռնատարների հետ կապված չեն, Ռուսաստան մտնող բոլոր մաքսակետերում խսիտ հսկողություն է նաև վրացական և թուրքական բեռնատարների նկատմամբ։

Այս մասին Tert.am- հետ զրույցում հայտնեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Նրա ներկայացմամբ՝ Ռուսաստանի անասնաբուժական ու սանիտարահիգիենիկ հսկողության ծառայությունը՝ («Россельхознадзор»-խմբ․) նոյեմբերի 23-ից ուժեղացված հսկողություն է իրականացնում շուտ փչացող ապրանքների՝ միրգ, բանջարեղեն, ծաղիկներ և բժշկական ապրանքների նկատմամբ։

Վահան Հակոբյանի խոսքով՝ այս պահին հայ արտահանողները լուրջ խնդրի առաջ են կանգնել, քանի որ ռուսական ծառայությունը մեծ թվով խախատումներ է հայտնաբերվում, և բեռնատարների մի մասին հետ են ուղարկում։

Նրա տվյալներով՝ նոյեմբերի 23-ից մինչև օրս հայկական մոտ 20 բեռնատար է Ռուսաստանի սահմանից հետ ուղարկվել, այդքանն էլ դեռ սպասում են փորձաքննության արդյունքներին։

Դիտարկմանը, թե տնտեսվարողներն ահազանգում են, որ այս ամենը կապված են հայ-ռուսական հարաբերություններով, և ռուսական կողմն այս տարբերակով ճնշումներ է փորձում գործադրել հայկական կողմի վրա՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդը պարզաբանեց, որ վարորդներն իրենք էլ են նման խնդիր հայտնել։ Ինքը, սակայն, խնդրի քաղաքական հնարավոր կողմերի մասին չի ցանկանում խոսել։

«Չեմ կարծում՝ առանց հիմնավոր պատճառաբանությամբ են բեռնատարներին հետ ուղարկում։ Ռուսական ֆիտոսանիտարական ծառայությունից հայտնում են, որ ՌԴ-ում հայկական ապրանքներում խախտումներ են գտնվել և դրա համար են ուժեղացված ստուգումներ իրականացնում»,- նշեց նա։

Բայց ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդը վստահեցրեց, որ բոլոր հարցերով ռուս գործընկերների հետ քննարկումներ են տեղի ունենում, և ՊԵԿ-ը, ՍԱՏՄ-ն ու Էկոնոմիկայի նախարարությունը քայլեր են ձեռնարկում հայկական ապրանքների ՌԴ մուտքի վերաբերյալ։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին Հայաստանից դեպի Ռուսաստան ճանապարհին առկա է 800 բեռնատար, նույն քանակությունն է Ռուսաստանի տարածքում, որոնք ուղևորվում են դեպի Հայաստան

Հիշեցնենք, որ Լարսում 100-ավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը: Պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկով և այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող Ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում:

«Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության տնօրեն Համբարձում Վարդանյանը Tert.am-ին դժգոհել էր, որ իր 65,000 վարդով բեռնված 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել։

Նշենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր անդրադարձել էր Վերին Լարսում ստեղծված իրավիճակին, գրելով.

«Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է Վերին Լարսում խնդիր կա։

«Խնդիրը կա, այո, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մի մասը` չէ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- ասել է նախարարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ