Հայաստանում 4 մարզում պարեկային ծառայության ներդրման համար ձեռք կբերվեն 175 ամենագնաց ավտոմեքենաներ

Աննա Կոստանյան 21.07.2022 - 14:14
21.07.2022 - 14:14 դիտում

Հայաստանում Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում պարեկային ծառայության ներդրման նպատակով ձեռք կբերվեն 175 ամենագնաց ավտոքմեքենաներ, կհատկացվի 3 մլրդ 107 մլն 500 հազար դրամ:

Կառավարությունը հուլիսի 21-ի նիստի ընթացքում հավանություն տվեց ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելու և մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին նախագծին:

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար դեռևս ընթացիկ տարվա մայիսի 23-ին հայտարարվել էր ոստիկանական ավտոմեքենաների ձեռքբերման, գնման մրցութային ընթացակարգ: Բացումը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 8-ին, սակայն մասնակից չլինելու պատճառով ընթացակարգը համարվել է չկայացած:

«Այնուհետև հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան բոլոր պաշտոնական ներկայացուցիչներին կատարված հարցումով պարզվել է, որ հայտարարված տեխնիկական բնութագրով, քանակով՝ թվով 175 միավոր և նախատեսված ժամկետում ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել միայն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն՝ նախատեսվող գումարը ամբողջությամբ կանխավճարային եղանակով հատկացնելու դեպքում, իսկ մյուսները հրաժարվել են: Բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել  «Տոյոտա Ֆոր Տյուներ» մակնիշի 45 միավոր մեխանիկական փոխանցման տուփով՝ 15 մլն 900 հազար դրամով և 130 միավոր ավտոմատ փոխանցման տուփով ավտոտրանսպորտային միջոց՝ 18 մլն 400 հազար դրամ գնման գումարով»,-ասաց Ղազարյանը:

Որոշման նախագծով նախատեսվում է վերը նշված 4 մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար ձեռք բերել 175 ավտոտրանսպորտային միջոց՝ նշված գնման գների հաշվարկով հատկացնելով 3 մլրդ 107 մլն 500 հազար դրամ՝ ներառյալ հարկային այլ պարտադիր վճարներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց. «Մենք հիմա անցել ենք Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման գործընթացին: Եվ այս գործընթացի ամենամեծ ֆինանսական կտորը թերևս մեքենաների ձեռքբերումն էր»:

Վարչապետը վստահեցրեց, որ ներկայացված որոշումը կայացրել են ոստիկանության բարեփոխումների խորհրդում տեղի ունեցած մի քանի քննարկումների արդյունքում: Նրա վստահեցմամբ՝ խորհրդի նիստում մանրամասն քննարկել են բոլոր հարցերը, այդ թվում այն հարցը, թե ինչո՞ւ էր պետք Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ներդրման համար ձեռք բերել մեքենաներ՝ 6 դինամիկով:

Վարչապետը ընդգծեց նաև, որ կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով պայմանավորված՝ ավտոմեքենաների շուկայում դեֆիցիտ կա, հրավիրվել են Հայաստանում գործող ընկերությունների ներկայացուցիչներ, նրանց ներկայացրել են, որ պետք են «այսինչ» չափանիշներով մեքենաներ:

«Եվ մենք արձանագրել ենք, որ մենք խնդիր ունենք՝ մեքենաների առաջարկի հետ կապված պրոբլեմ ունենք: Մյուս ընկերություններն ընդհանրապես արձանագրում են, որ մեզ անհրաժեշտ ժամկետներում չեն կարող մատակարարել մեքենաներ»,-ասաց նա:

Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ոստիկանության մեքենաները սև գույնի են, իսկ Երևանում՝ սպիտակ: Ի սկզբանե որոշված է եղել, որ մեքենաները պետք է լինեն սպիտակ:

«Բայց մենք արձանագրեցինք, որ, եթե շարունակենք պահել սպիտակի պայմանը, մենք մեքենա չենք ունենա, քանի որ մի ընկերություն էր մեզ առաջարկում այդ պարամետրի մեքենա՝ արձանագրելով, որ կարող է բերել միայն սև մեքենա: Մենք այդտեղ գնացինք այդ կոմպրոմիսին:  Այս պարագայում ունենք խնդիր՝ մեքենա կարող է բերել մի ընկերություն՝ «Տոյոտա Երևան» ընկերությունը, սակայն չի կարող բերել այն մեքենաներից, որոնք մենք ձեռք ենք բերել Շիրակի և Լոռու մարզում: Կա մի մոդելի մեքենա, որը շատ, թե քիչ մոտ է մեր պարամետրերին, սակայն ոչ բոլորը կարող են լինել ավտոմատ փոխանցման տուփով»,-ասաց վարչապետը:

Այսպիսով, վարչապետի խոսքով՝ այնուամենայնիվ, իրենց քաղաքական որոշումն է գործընթացը չկանգնեցնել, նաև ժամանակ չկորցնելու համար ուղիղ գնում կատարել: Ձեռք բերվող բոլորը մեքենաները ամենագնացներ են: Կառավարությունը նախատեսում է այդ մեքենաներից մի խմբաքանակ շուտ բերել, դրանք տրամադրել Շիրակի և Լոռու մարզերին, այնտեղից «Սեդան»-ներ վերցնել:

«Արդյունավետության համար ճիշտ կլինի, որ 4 մարզերում թեկուզ քիչ քանակությամբ, բայց մայրուղիների վրա հերթապահության համար «Սեդան»-ներ ունենալ»,-նշեց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ