Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

4.03.2023 - 15:47 դիտում
Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը (նստավայրը՝ Մոսկվա) այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը: Նա անդրադարձել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև դեսպան  Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ