Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը. Ռաֆայել Մարիանո Գրոսի

5.10.2022 - 13:01 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ Կառավարության և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման տեսանկյունից:
«Ձեր այցելությունը շատ կարևոր է մեզ համար: Հայաստանում 1976 թվականից սկսել է աշխատել ատոմային էլեկտրակայանը: Այդ ժամանակաշրջանից մինչ օրս մենք տարբեր փորձությունների միջով ենք անցել: Նկատի ունեմ Սպիտակի երկրաշարժը, և դրանից հետո ատոմակայանի աշխատանքի դադարեցումը: Հետագայում արդեն այն վերսկսեց իր աշխատանքները 1995-ին: Ես մասնակցել եմ այդ գործընթացին՝ որպես կառավարական հանձնաժողովի անդամ, և կարող եմ վստահաբար նշել, որ ատոմակայանի վերագործակումը չէր իրականանա, եթե չլիներ ԱԷՄԳ-ի հետ մեր սերտ համագործակցությունը, գործակալության կողմից ցուցաբերված խորհրդատվական ու տեխնիկական լայն աջակցությունը: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը շարունակական է լինելու»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Ռաֆայել Մարիանո Գրոսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած կառույցը պատրաստակամ է աջակցելու Հայաստանին՝ անվտանգության ու թվային համակարգերի զարգացման, ռազմավարության մշակման հարցերում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին, երիտասարդ և պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը: ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը մասնավորապես փորձագիտական խորհրդատվության և համապարփակ աջակցության տրամադրման շրջանակում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ