Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական 12 հանցագործության դեպքից 9-ով նյութեր են նախապատրաստվում

6.12.2021 - 11:35 դիտում

2021 թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի խոշորացված համայնքներում:

Նշված համայնքների ընտրությունների առնչությամբ, քվեարկությունն ավարտվելու պահի՝ ժամը 20:00-ի տվյալներով, իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում-ահազանգ: Բոլոր դեպքերը վերաբերել են քվեարկության գործընթացին: Դրանցից 3-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 8-ը՝ հաղորդումներ, որոնք տրվել են ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում բացարձակ մեծամասնությունը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցում կատարված և մշտադիտարկմամբ վեր հանված գրառում օգտատիրոջ կողմից:

Ստացված 12 հաղորդում-ահազանգերից, ԶԼՄ հրապարակումներից՝

  • 1-ը վերաբերում է Աբովյան խոշորացված համայնքում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն.
  • 3-ը՝ Աբովյան և Հրազդան խոշորացված համայնքներում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն.
  • 1-ը՝ Աբովյան խոշորացված համայնքում վարչական ռեսուրսների օգտագործմանը.
  • 6-ը՝ Աբովյան, Հրազդան խոշորացված համայնքում, տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն.
  • 1-ը՝ Աբովյան խոշորացված համայնքում տեղամասային կենտրոնին հարակից հատվածում բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելուն:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթի 3 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են ստուգողական գործողություններ:

Հաղորդումներից 9-ի դեպքում մարզի դատախազության հանձնարարությամբ ոստիկանության բաժիններում և ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական բաժնում քրեադատավարական կարգով սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց՝ բոլոր հանգամանքները պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով:

Ինչպես նյութերի նախապատրաստումը, այնպես էլ ստուգողական գործողությունները բոլոր դեպքերով ընթացքի մեջ են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ