Կներդրվի պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման «Պաշտպան հայրենյաց» համակարգ

Աննա Կոստանյան 27.10.2022 - 13:12
27.10.2022 - 13:12 դիտում

Կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Դրա համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ փոփոխություններով և լրացումներով առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը և շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցնման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր:

Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանել պատվո վճար ստանալու իրավունք: Պատվո վճարի չափը նախատեսվում է սահմանել 5 մլն դրամ, որը տնօրինվում է ազատորեն:

Նախարարն ասաց, որ պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սահմանված կարգով, և դրական արդյունքների դեպքում հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը: Միաժամանակ, պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը:

«Ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում է ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին»,- ասաց Պապիկյանը:

«Այս նախագիծը Զինված ուժերի, բանակի բարեփոխումների փաթեթի մաս է»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արձագանքելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հարցին, թե արդյոք շարունակվելո՞ւ է «Պատիվ ունեմ» ծրագիրը՝ Սուրեն Պապիկյանն ասաց հետևյալը. «Չեմ շտապի այս պահին գնահատական տալ և ասել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չի շարունակվի, բայց ինչպես մենք մեր համատեղ քննարկումների ժամանակ արձանագրել ենք, կան բազմաթիվ խնդիրներ, ինչպես՝ ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու բազմաթիվ խնդիրներ, որոնք նաև մեր իրավապահ գործընկերների ուշադրության կենտրոնում պետք է լինեն, բայց քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը դեռ չի տվել իր պտուղները, այս պահին հրաժարվելը նպատակահարմար դեռ չենք համարում: Բայց թեման քննարկելի է, այն կարելի է լավարկել»:

«Մենք հիմա բուհական համակարգի փոփոխությունների համատեքստում քննարկում ենք, որ պետք է Հայաստանում, պայմանական ասած, սպայական կրթական հաստատություն լինի, որը սովորական բուհերից կտարբերվի, այն չի լինի ուղղակի բակալավրիատ, այլ՝ սպա պատրաստող ուսումնական հաստատություն կլինի: Սա լուրջ խորքային, հայեցակարգային խնդիր է, և՛ պետության կայացման, և՛ պետության ինստիտուտների և պետականակենտրոն դասի, խավերի ձևավորման խնդիր է, և այստեղ մենք պետք է լրջորեն մտածենք: Երեկ էլ խորհրդակցություն ենք ունեցել այս թեմայով, և հանձնարարական եմ տվել, որ այս ուղղությամբ մտածենք»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ