Կիևի հետ բանակցությունները մտել են փակուղի. Պուտին

12.04.2022 - 20:33 դիտում

Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ողբերգություն է, սակայն Ռուսաստանին այլ ելք չէին թողել, դա ժամանակի հարց էր, հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ Ամուրի շրջանի «Վոստոչնայա» տիեզերակայան այցի շրջանակում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։

«Հատուկ գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի, այն կշարունակվի, քանի դեռ դրա նպատակները լիովին չեն իրագործվել, անհրաժեշտ է նվազագույնի հասցնել կորուստները»,- ընդգծել է նախագահը՝ հավելելով, որ ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում իրավիճակի շուրջ քննարկումներին թե՛ Ռուսաստանում, թե՛ արտասահմանում։

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին։ Նրա խոսքով՝ Կիևը հեռացել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից։

«Բանակցությունները մտել են փակուղի։ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել բանակցային գործընթացը շարունակելու համար, բայց փոխարենը բախվել է Բուչայում սադրանքին», – պարզաբանել է Ռուսաստանի ղեկավարը։

Նա հավելել է, որ Բելառուսը շատ հարմար հարթակ է Մոսկվայի և Կիևի միջև հետագա բանակցությունների համար։ Պուտինը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինան Արևմուտքի համար նպատակների հասնելու միջոց է, որոնք կապ չունեն ուկրաինացի ժողովրդի շահերի հետ։

Անդրադառնալով Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին՝ Պուտինը համոզմունք է հայտնել, որ Մոսկվան և Մինսկը պետք է ամրապնդեն գործակցությունը տարբեր ոլորտներում։

«Ռուսաստանի համար բոլոր դռներն ու պատուհանները դրսից ոչ ոք փակել չի կարող»,- ընդգծել է Պուտինը։

Լուկաշենկոն, իր հերթին, վստահեցրել է, որ Բելառուսը ցանկացած իրավիճակում Ռուսաստանի կողքին կլինի։ Նա նաև հայտնել է, որ Մինսկն ու Մոսկվան աշխատում են բելառուսական նավթավերամշակման գործարաններին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ