Կան մարդիկ, որոնք չեն հաշտվում այն իրականության հետ, որ ՀՀ-ում իշխանության տերը քաղաքացին է. Մակունց

Գոհար Ստեփանյան 28.12.2020 - 16:44
28.12.2020 - 16:44 դիտում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում անդրադարձավ Վազգեն Մանուկյանի հնչեցրած տեսակետին, որ արտահերթ ընտրության դեպքում քվեարկության ամեն տուփի մոտ լինելու է արյունահեղություն:

«Ի՞նչ է սա նշանակում: Ոմանք կարող են մտածել, որ սա ակնարկ է, ոմանք կարող են մտածել, որ սպառնալիք է, իսկ իրականում սա ևս մեկ անգամ ապացույց է այն մասին, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր չեն կարող հաշտվել այն հանգամանքի ու իրականության հետ, որ Հայաստանի Հանրապետության իշխանության տերը ՀՀ քաղաքացին է: Եվ ՀՀ-ում իշխանություն ձևավորողը դարձյալ ՀՀ քաղաքացին է:

Հիմա կան մարդիկ, որ բոլոր հնարավոր միջոցներով համոզում են, նույնիսկ սպառնում են, որ այդ միտքը, այդ սահմանադրական ճշմարտությունը, որ իշխանությունը ձևավորվում է ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտման միջոցով, լավ միտք չէ: Միաժամանակ, գերագնահատելով սեփական հնարավորությունները, այս մարդիկ թերագնահատում են պետական համակարգի և իրավապահ համակարգի կարողություններն ու պարտականությունները, որով նրանք պարտավոր են երաշխավորել ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտումը, իր քվեով իշխանության ձևավորումը այսօր և վաղը»,- նշեց Մակունցը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ