Լճի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել՝ պարանոցին և այտին պատռված վերքերով

Աննա Կոստանյան 7.09.2022 - 18:04
7.09.2022 - 18:04 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արագածավան բնակավայրի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Իջևանի բժշկական կենտրոնից, 2022թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Բերքաբեր բնակավայրում գտնվող լճի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` դեպքի վայրի զննություն. հիշատակված լճում հայտնաբերվել է տղամարդու դի` կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի աջ հատվածի և այտի շրջանում պատռված վերքերով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվող, անհետ կորած Արագածավան բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1961թ.:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտման համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտե

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ