ԼՂ հարցը, ցավոք, հայկական փաստարկներով չէ, որ կարգավորվելու է. Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 13.09.2023 - 19:48
13.09.2023 - 19:48 դիտում

Անկախ այն հանգամանքից՝ ընդդիմությո՞ւն ենք, թե՞ իշխանություն, մենք օգտագործում և օգտագործել ենք «հայկական փաստարկ» հասկացությունը և փորձել ենք ԼՂ հարցը լուծել հայկական փաստարկների շրջանակներում՝ չգիտակցելով, որ ԼՂ հարցը, ցավոք, հայկական փաստարկներով չէ, որ կարգավորվելու է, այլ ԼՂ հարցի վերաբերյալ կան միջազգային փաստարկներ, իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներ, որը, մենք հավատացել ենք խորապես, որ հայկական փաստարկներով կարող ենք թուլացնել, հաղթահարել, զրոյացնել: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե «կա՞ մի հայկական փաստարկ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

«…Ձեր փաստերը, որ դուք բերում եք, չգիտեմ՝ ինչի համար ապացուցելու, վկայում է մի բանի մասին, որ ես հայկական փաստարկներին պակաս նվիրված չեմ եղել, ինչքան դուք եք նվիրված: Պրոբլեմն այն է, որ մենք հայկական փաստարկով չենք կարող և այսօր էլ չենք կարողացել երբեք և հետո էլ չենք կարողանալու լուծել որևէ հարց: Ու գիտե՞ք՝ դրա ապացույցն ինչն է, որ եթե հնարավոր լիներ, դուք լուծած կլինեիք, այդ խնդիրը մեզ չէր հասնի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը, խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավորին, հիշեցրեց, որ նրա քաղաքական թիմի առաջնորդն ասում էր, որ բանակցության գործընթացում պետք էր հույս տալ Ադրբեջանին, որ հարցն առանց պատերազմի կլուծվեր:

«Ես ուզում եմ խոստովանել, որ մենք չենք կարողացել Ադրբեջանին հույս տալ, որովհետև էլ հույս տալու ռեսուրսը վերջացել էր: Երբ մենք եկանք իշխանության, արդեն ձեր տված հույսերն իրականացնելու ժամանակն էր եկել: Սա է ամբողջ պատմությունը»,- ասաց նա՝ վերահաստատելով, որ հայկական փաստարկներով հնարավոր չէ հարցը չուծել:

Փաշինյանը նաև հիշեցրեց. «2020 թվականի պատերազմից հետո, այդ թվում՝ ձեր քաղաքական ուժը, նախկին շրջանում իմ կողմից օգտագործված բոլոր հայկական փաստարկների օգտագործումը համարել է շրջադարձային և կատաստրոֆիկ սխալ: Բոլորը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ